Մատչելիության հղումներ

logo-print

Օլանդ. Ֆրանսիան ամեն ինչ կանի, որ բանակցությունները ավարտին մոտենան


Ֆրանսուա Օլանդը դիմավորում է Սերժ Սարգսյանին, 12-ը նոյեմբերի, 2012

Ֆրանսուա Օլանդը դիմավորում է Սերժ Սարգսյանին, 12-ը նոյեմբերի, 2012

Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսուա Օլանդի գրեթե մեկ ժամ տեւած հանդիպման ամենակարեւոր հարցը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն էր: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների համար արած հայտարարության ժամանակ ասաց Ֆրանսիայի նախագահը:

«Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որ բանակցությունները ավարտին մոտենան: Ինչպես գիտեք, բանակցությունները կասեցվել էին, հիմա վերսկսվել են», - ասաց Օլանդը:

Ֆրանսիայի նախագահը շեշտեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը միջնորդ Ֆրանսիան մադրիդյան սկզբունքների շրջանակներում է տեսնում:

Հիշեցնենք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի օրն է եռօրյա պաշտոնական այցով մեկնել Ֆրանսիա: Ֆրանսուա Օլանդից բացի` նա հանդիպումներ կունենա նաեւ վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի ու Սենատի նախագահների հետ:

Ֆրանսուա Օլանդն այսօր ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ խոսել են նաեւ միջազգային զարգացումներից, կարեւորել են երկու հիմնական թեմա` Սիրիայում ծավալվող իրադարձություններն ու իրանական հարցը: Իրանի շուրջ ծավալված քննարկմանը նախագահ Օլանդը չանդրադարձավ, միայն ասաց` հույս ունի, որ Հայաստանի նախագահը տեղ կհասցնի հանդիպման ընթացքում փոխանցված մեսիջները:

«Իսկ Սիրայի հարցում, հասկանալով Հայաստանի զգուշավորությունը, կարծում ենք, որ այդ երկրում պետք է իշխանափոխություն տեղի ունենա», - ասաց Օլանդը:

Սերժ Սարգսյանը իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին եւ ժողովրդին` Հայոց ցեղասպանության հարցը ուշադրության կենտրոնում պահելու եւ այդ գործում սկզբունքային լինելու համար: Հայաստանի նախագահը նշեց` գիտի, որ Օլանդը ջերմ է վերաբերվում հայկական հարցին, կանգնած է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող նախագծի ակունքներում (հիշեցնենք` այդ օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի օրենսդրի կողմից, սակայն այդպես էլ օրենքի ուժ չստացավ, քանի որ Սահմանադրական խորհուրդը որոշեց, որ այն խոսքի եւ արտահայտման ազատության դեմ է):

Ֆրանսիայի նախագահը, որը Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանելը իր նախընտրական թեզերից մեկն էր դարձրել, խոստացել էր, որ հնարավորություն կգտնի եւ օրինագիծը նոր տեսքով Ազգային ժողով կմտցնի: Սակայն այսօր ոչ Օլանդը, ոչ Սարգսյանը այս հարցում արձանագրված առաջընթացի շուրջ չխոսեցին: Փոխարենը երկուսն էլ բարձրաձայնեցին տնտեսական կապերը զարգացնելու իրենց ցանկությունը:

Ֆրանսիան Հայաստանի տնտեսության մեջ ամենաշատ ներդրում կատարած երկրորդ երկիրն է: Նախագահն Օլանդն ասաց, որ կարելի է ավելի առաջ գնալ, Զարգացման ֆրանսիական գործակալությունը կարող է ընդլայնել հատկապես ագրոպարենային, նաեւ տրանսպորտային ոլորտի համագործակցությունը:

«Մենք իրոք կցանկանանք, որ ֆրանսիական կապիտալն ընդլայնվի Հայաստանում», - հայտարարեց Սերժ Սարգսյանը. - «Այս անգամ ես եկել եմ Ֆրանսիա, որպեսզի Ֆրանսիայի նախագահ, հայ ժողովրդի եւ իմ շատ լավ բարեկամ Ֆրանսուա Օլանդին ասեմ, որ Հայաստանը խորապես շահագրգռված է ընդլայնելու հայ-Ֆրանսիական հարաբերությունների օրակարգը: Շատ-շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար եւ իհարկե, շատ-շատ շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը 2013 թվականին պետական այցով գալ Հայաստան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG