Մատչելիության հղումներ

ՀԱԿ ակտիվիստների գործով դատաքննությունն անսպասելիորեն ավարտվեց. Վճիռը կհրապարակվի երեքշաբթի օրը


Վիճաբանություն դատարանի դահլիճում
please wait

No media source currently available

0:00 0:03:58 0:00
Վերաքննիչ քրեական դատարանը այսօր լարված մթնոլորտում անսպասելիորեն ավարտեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) չորս երիտասարդ ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով դատաքննությունը եւ անցավ խորհրդակցական սենյակ, որպեսզի վաղը հրապարակի դատավճիռը:

Այս ամենը կատարվեց խիստ հապճեպ. ոչ ամբաստանյալներն իրենց վերջին խոսքն ասացին, ոչ պաշտպանական կողմը հանդես եկավ պաշտպանական վերջին ճառով, քանի որ ամբաստանյալներից երեքը ավելի վաղ դուրս էին հրավիրվել դահլիճից` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու հիմնավորմամբ: Ի նշան բողոքի` դահլիճը լքել էր նաեւ Տիգրան Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանը, եւ դատական վիճաբանությունների փուլում դատարանում դիմող կողմից ներկա էին միայն փաստաբան Ստեփան Ոսկանյանն ու ամբաստանյալ Արտակ Կարապետյանը, որոնք պատրաստ չէին այդ պահին պաշտպանական խոսք ասել: Նիստն ուղեկցվում էր աղմուկով, դահլիճում ներկաների «ամոթ» վանկարկումներով, դատավորի հետ վիճաբանություններով, իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից:

Դահլիճում կրքերը շիկացան այն բանից հետո, երբ Վերաքննիչ դատարանը մեկը մյուսի հետեւից մերժեց Խնկո Ապոր գրադարանի շրջակայքում անցած տարվա օգոստոսին տեղի ունեցած միջադեպի առանցքային վկաների, տուժողների, գործի հետ առնչվող անձանց հարցաքննության հրավիրելու դիմող կողմի եւ ամբաստանյալների հինգից ավելի միջնորդությունները:

Դիմող կողմը նախ անհարժեշտ էր համարում հարցաքննության հրավիրել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` բերելով փաստարկներ այն մասին, որ նա անմիջական առնչություն է ունեցել ակտիվիստների քրեական հետապնդմանը: Տիգրան Առաքելյանը հիշեցրեց նաեւ, որ այս գործով իրեն ձերբակալեցին հենց այն ժամանակ, երբ ինքը հանցակազմի բացակայության հիմքով կարճված իր նախորդ գործի առնչությամբ դատական կարգով Ալիկ Սարգսյանից պահանջում էր ներողություն խնդրել մամուլի ասուլիսում հնչեցրած հայտարարություններով իր անմեղության կանխավարկածը խախտելու համար:

«Ես խնդրում եմ միջնորդությունը բավարարել, Ալիկ Սարգսյանին դատակոչել այս դահլիճ: Նրան ես ուզում եմ շատ կոնկրետ հարցեր տալ», - հայտարարեց Առաքելյանը:

Սակայն դատարանը որոշեց, որ նախկին ոստիկանապետին հարցաքննելու անհրաժեշտություն չկա, քանի որ դատարանն ունի բավարար փաստարկներ, որոնք կարող են հիմք ծառայել վերջնական եզրահանգման համար:

Դիմող կողմը պահանջեց նաեւ դատարան հրավիրել գործով տուժող ճանաչված ոստիկան Շահեն Հարությունյանին եւ վկա Նշե Մոդոյանին: Շահեն Հարությունյանը իր հեռախոսով շուրջ 15 րոպե տեսագրել է Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցածը, սակայն առաջին ատյանի դատարանում պարզվել է, որ նրա հեռախոսն անհայտ հանգամանքներում անհետացել է: Դիմող կողմը պնդում էր, որ առաջին ատյանի դատարանը հնարավորություն չի տվել իրենց անհրաժեշտ հարցապնդումներով ոստիկանից պարզել, թե ինչ հանգամանքներում է կորել այդ հեռախոսը եւ ինչպես կարող է այն հայտնաբերվել, քանի որ դատարանը նպատակ է ունեցել թաքցնել ոստիկանների կողմից հանցագործությունների կատարումը փաստող տեսանյութը: Իսկ Նշե Մոդոյանն այն քաղաքացին է, ով ի սկզբանե հայտնել էր, որ երկու կողմն էլ հավասարապես ծեծկռտուքի մեջ են ներքաշված եղել, սակայն ինքը հստակ տեսել է, թե ինչպես է մի ոստիկան հարվածել այդ տղաներից մեկի երեսին: Վերաքննիչ դատարանը որոշեց, որ ոչ Շահեն Հարությունյանին, ոչ Նշե Մոդոյանին դատարան հրավիրելու անհրաժեշտություն չկա, քանի որ Հարությունյանին առաջին ատյանի դատարանը հարցաքննել է, իսկ Նշե Մոդոյանին հրավիրելու եւ հարցաքննելու համար «պատշաճ ջանքեր» առաջին ատյանը գործադրել է, ինչը չի հաջողվել: Դատարանը հրաժարվեց որպես վկա հարցաքննել նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրակազմին եւ լրագրող Անի Գեւորգյանին, ով ոստիկանների պնդմամբ` դեպքի պահին եղել է այդ վայրում եւ նկարահանումներ է կատարել, սակայն պաշտպանական կողմը բերում է փաստարկներ, որ նա եղել է խմբագրությունում եւ որեւէ նկարահանում չի արել:

Վերաքննիչ դատարանի մերժումները զայրացրին Տիգրան Առաքելյանին, որը նիստը որակեց «թատրոն», այնուհետեւ հայտարարեց, որ «չի ենթարկվելու դատավորի կամայական հրահանգներին» եւ հեռացվեց դահլիճից: Այնուհետեւ դուրս հրավիրվեց Սարգիս Գեւորգյանը` տեղից վրդովված «հանցագործներ եք դուք» բացականչելուց հետո, որին հաջորդեց Դավիթ Քիրամիջյանը:

Եվ մինչ դահլիճում ներկաները երիտասարդների դուրս գալուց հետո բղավոցներով, վանկարկումներով դատավորին մեղադրում էին կողմնակալ եւ անարդար վերաբերմունք ցուցաբերելու, իշխանությունների պատվերը կատարելու մեջ, մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը այս աղմուկի մեջ ընթերցեց իր մեղադրական ճառը` միջնորդելով մերժել ՀԱԿ ակտիվիստների վերաքննիչ բողոքը, որով նրանք պահանջել էին բեկանել իրենց 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու առաջին ատյանի դատարանի վճիռը: Այնուհետեւ դատավորը հայտարարեց դատաքննության փուլի ավարտի եւ խորհրդակցական սենյակ անցնելու մասին: Բողոքի ակցիան «ամոթ» վանկարկումներով տեղափոխվեց դատարանի շենքի դիմաց:

Գործով փաստաբան Ստեփան Ոսկանյանը եւս անակնկալի էր եկել նման զարգացումներից: Նա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը պարզապես խնդիր ուներ այսօր ավարտել այս դատաքննությունը եւ այս գործով արագ վճիռ կայացնել:

«Նման նախադեպ ես չեմ պատկերացնում, չեմ պատկերացնում, որ այլ գործերով, այլ դեպքերում, կամ այլ դատարանի կողմից նման դատավարություն եղել է», - ասաց նա:

Մինչդեռ դատախազ Հակոբ Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ ամբաստանյալներն ու նիստին ներկաներն էին ի սկզբանե նպատակ դրել «շոուի» վերածել նիստը` անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով իրենց նկատմամբ, անպարկեշտ արտահայտություններ, նույնիսկ հայհոյանքներ հասցեագրելով իրեն եւ դատավորներին:

Դատավճիռը կհրապարակվի վաղը` ժամը 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG