Մատչելիության հղումներ

Բարոզո. «Վրաստանն «Արեւելյան գործընկերության» առանցքային անդամ է»


Բելգիա -- Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն ողջունում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, Բրյուսել, 12-ը նոյեմբերի, 2012թ․
Բելգիա -- Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն ողջունում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, Բրյուսել, 12-ը նոյեմբերի, 2012թ․
«Վրաստանը Արեւելյան գործընկերության ծրագրի առանցքային անդամ է, եւ Եվրամիությունը կշարունակի ջանքեր գործադրել այդ երկրի հետ կապերն էլ ավելի սերտացնելու ուղղությամբ»,- այս մասին այսօր Բրյուսելում հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն` Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ բանակցությունների ավարտին:

Սա Իվանիշվիլիի առաջին արտերկրյա այցն է Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում։

«Եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման քաղաքականությունը շարունակում է մնալ Վրաստանի առաջնահերթությունների թվում եւ հույս ունենք, որ կկարողանանք որքան հնարավոր է արագորեն ստորագրել Բրյուսելի հետ «քաղաքական ասոցիացման» մասին երկկողմ համաձայնագիրը»,- հայտարարեց Իվանիշվլին:

Նույն թեմային անդրադառնալով` Բարոզոն նշեց․- «Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մի քանի ոլորտներում արդեն իսկ ավարտին ենք հասցրել: Մենք իրական առաջընթացի ենք հասել նաեւ խորն ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցություններում եւ հուսով ենք, որ այն տնտեսական բարեփոխումները, որ իրականացվում են Վրաստանում, թույլ կտան մեզ այս խնդրի շուրջ ընթացող բանակցություններն ավարտել են մինչեւ «Արեւելյան գործընկերության» երկրների` 2013 թվականին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը»։

Եվրոպական հանձնաժողովի նախագահը նաեւ գովեստի խոսքեր է ուղղել Իվանիվշիլիին եւ նախագահ Սահակաշվիլիին` անցնցում իշխանափոխություն իրականացնելու համար: Դրա հետ մեկտեղ, Բարոզոն կոչ է անում Վրաստանում գործող բոլոր առաջատար կուսակցություններին ու գործիչներին` «կառուցողական եւ պատասխանատու քաղաքական մթնոլորտ ձեւավորել երկրում»:

«Ժողովրդավարությունը միայն ընտրությունների օրը չէ, այլեւ հաջորդող օրերը եւս: Այդ իսկ պատճառով հարկ է մեկ անգամ եւս հիշեցնել, որ ժողովրդավարությունը, լինելով մեծամասնության իշխանությունը, միաժամանակ փոքրամասնության իրավունքների հանդեպ հարգանք է ենթադրում: Սա հաշվի առնելով` մենք կարծում ենք, որ Վրաստանը պետք է խուսափի ընտրովի արդարադատության կիրառումից, քանի որ դա կարող է լրջորեն հարվածել արտերկրում պետության ունեցած վարկին»,- հայտարարեց Բարոզոն` ակնհայտորեն ակնարկելով Թբիլիսիում իրականացված վերջին ձերբակալություններն ու պաշտոնակնությունները:

Բրյուսելում կայացած բանակցությունների ժամանակ արծարծված մյուս կարեւորագույն թեման վրաց-ռուսական հարաբերություններն էին: Անդրադառնալով խնդրին Եվրահանձնաժողովի նախագահը նշում էր․ - «Եվրամիությունը շարունակում է ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Ժնեւում ընթացող միջազգային քննարկումների եւ Եվրամիության մոնիտորինգի առաքելության միջոցով մենք երաշխավորում ենք Վրաստանի անվտանգությունը»:

Բիձինա Իվանիշվիլին էլ հույս է հայտնում, որ իր կառավարության ղեկավարության օրոք հնարավոր կլինի խուսափել երկկողմ հարաբերությունների էսկալացիայից:

Ի դեպ, Իվանիշվիլիի առաջին արտերկրյա այցն ուղեկցվեց սկանդալով: Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին Facebook-ի իր էջում գրել է, որ Բրյուսելի օդանավակայանում Իվանիշվիլիին չեն դիմավորել Բելգիայում հավատարմագրված վրաց դիվանագետները:

«Երկրի վարչապետին Բրյուսելի օդանավակայանում չեն դիմավորել ոչ Եվրամիությունում Վրաստանի դեսպան Սալոմե Սամադաշվիլին եւ ոչ էլ ՆԱՏՕ-ում Վրաստանը ներկայացնող Գեգա Մգալոբլիշվիլին»,- պնդում է վրացական արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG