Մատչելիության հղումներ

ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը կհրապարակվի վաղը


Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ անսպասելիորեն ավարտեց Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդ ակտիվիստների` Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի ու Տիգրան Առաքելյանի գործի դատաքննությունը եւ անցավ խորհրդակցական սենյակ, որպեսզի վաղը հրապարակի այս գործով դատավճիռը:

Այս ամենը կատարվեց խիստ հապճեպ. ոչ ամբաստանյալներն իրենց վերջին խոսքն ասացին, ոչ պաշտպանական կողմը հանդես եկավ պաշտպանական վերջին ճառով: Մինչ այդ, երբ դատավորը մերժեց գործով առանցքային վկաներին եւ տուժողներին դատարան հրավիրելու պաշտպանական կողմի միջնորդությունները, դահլիճում մթնոլորտը խիստ թեժացավ, ամբաստանյալներ Տիգրան Առաքելյանը եւ Սարգիս Գեւորգյանը հեռացվեցին դատարանի դահլիճից: Ի նշան բողոքի դահլիճից հեռացել էր նաեւ Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանը։ Փաստաբանի օրինակին հետեւեցին մյուս ամբաստանյալները:

Եվ մինչ դահլիճում ներկաները «ամոթ» վանկարկումներով դատավորին մեղադրում էին կողմնակալ եւ անարդար վերաբերմունք ցուցաբերելու մեջ, մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը ընթերցեց իր մեղադրական ճառը` միջնորդելով մերժել ՀԱԿ ակտիվիստների վերաքննիչ բողոքը, որը նրանք պահանջել էին բեկանել իրենց 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու առաջին ատյանի դատարանի վճիռը:

Դատավորի` խորհրդակցական սենյակ անցնելուց հետո ներկաները բողոքի ակցիա անցկացրեցին դատարանի շենքի մոտ` դատավորին,քննիչին եւ դատախազին որակելով որպես «իշխանության կամակատարներ»: Գործով փաստաբան Ստեփան Ոսկանյանը կարծիք հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը խնդիր ուներ այսօր ավարտել այս դատաքննությունը եւ արագ վճիռ կայացնել:

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG