Մատչելիության հղումներ

BBC-ի ղեկավարը հրաժարական է ներկայացրել


Մեծ Բրիտանիայի հանրային հեռարձակող BBC հեռուստառադիոկայանի գլխավոր տնօրեն Ջորջ Էնսթվիլը հրաժարական է ներկայացրել։

Էնսթվիլը ընդամենը 54 օր է զբաղեցրել այդ պաշտոնը։ Նա հրաժարականի դիմումը հրապարակել է օրերս եթեր հեռարձակված սկանդալային ռեպորտաժից հետո:

Այդ ռեպորտաժում նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ անարդարացի ներկայացվել են որպես մանկապիղծներ։

«Մենք չունեինք այդչափ աղաղակող սխալներ պարունակող նյութը հեռարձակելու իրավունք», - ասել է Էնսթվիլը, ավելացնելով, որ ինքը հեռարձակումից հետո է տեղեկացել այդ հաղորդման մասին։

BBC-ի Կառավարման խորհրդի նախագահ Քրիս Փաթերը հայտարարել է, թե «BBC-ում անհրաժեշտ է իրականացնել արմատական կառուցվածքային փոփոխություններ»։ Նա ասել է, թե հրաժարական չի ներկայացնի, քանի որ պարտավոր է ամեն ինչ անել հանրային հեռարձակողի աշխատանքը ճիշտ ուղի վերադարձնելու համար։

Ընդամենը շաբաթներ առաջ հայտնի է դարձել սկանդալային մեկ այլ պատմություն՝ կապված հանգուցյալ անվանի հաղորդավար Ջիմի Սավիլի հետ։

Ըստ բրիտանական մամուլի, BBC-ի ղեկավարները արգելել են եթեր հեռարձակել մի հաղորդում, որի համաձայն, հեռուստաաստղ Սավիլը, ով մահացել է անցած տարվա հոկտեմբերին, տասնամյակների ընթացքում մանկապղծությամբ է զբաղվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG