Մատչելիության հղումներ

Շարմազանովը Հասանովին հիշեցնում է Կռիլովի առակը


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովի երեկվա հայտարարությունը «եւս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի ղեկավարության օրեցօր լկտիացող պահվածքը»։ Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ադրբեջանցի պաշտոնյան երեկ ասել է, մասնավորապես, թե պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կուժեղացնի ճնշումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի բոլոր համանախագահների, այդ թվում` Միացյալ Նահանգների վրա:

«Արցախից արեւելք ընկած երկրի ավտորիտար իշխանություններն այն աստիճան են գլխապտույտի մեջ ընկել Բաքվի նավթադոլարներից, որ իրենց իրավունք են վերապահում վերջնագրեր ներկայացնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրներին», - Հասանովի հայտարարությանը հակադարձել է Շարմազանովը` ամփոփելով. - «Կարծում եմ, ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությունը շատերին կհիշեցնի ռուս հայտնի առակագիր Իվան Կռիլովի «Փիղն ու շնիկը»…»։

Ալի Հասանովը այսօր էլ արձագանքել է The Wall Street Journal հեղինակավոր պարբերականին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարություններին` պնդելով, թե «Հարավային Կովկասում առաջին հերթին Հայաստանն է միլիտարիստական քաղաքականություն վարում [...], իր սպառազինմամբ սպառնում է հարեւան պետություններին, նրանց տարածքային ամբողջականությանը` հանդես գալով նրանց նկատմամբ տարածքային պահանջներով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG