Մատչելիության հղումներ

Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները պնդում են, որ դատախազությունը ոչ միայն որեւէ իրական քայլ չի ձեռնարկում «Հարսնաքար» ռեստորանում ծեծին մասնակցած այլ անձանց հայտանաբերելու ուղղությամբ, այլեւ` այստեղ գործ ունենք դատախազության ղեկավարության կողմից իրականացվող հովանավորչության հետ, որի նպատակը հանցագործությունը ամբողջ ծավալով չբացահայտելն է: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, հայտարարեց Վահե Ավետյանի իրավահաջորդի` նրա հայր Գառնիկ Ավետյանի փաստաբան Վահե Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ դեռ օգոստոսին Ոստիկանությունը հայտարարեց, թե ձեռք է բերել ապացույցներ այն մասին, որ «Հարսնաքար»-ի գործով 6 կալանավորվածներից բացի ռեստորանում ծեծկռտուքին մասնակցել են եւս մի խումբ մարդիկ, ինչի հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանը միջադեպից 12 օր անց` հունիսին վերջին, մահացավ։

Բացի այդ «Հարսնաքարի» գործով որպես տուժող անցնող զինվորական բժիշկ Արտակ Բայադյանը բազմիցս (այդ թվում դատարանում) պնդել է, որ ծեծկռտուքին մասնակցել են 15-20 հոգի եւ ոչ թե միայն այն վեցը, որոնց մեղադրանք է ներկայացվել:

«Մեր կողմից հնչեցվել են ավելի քան 20 միջնորդություններ։ Դրանք բոլորը մերժվել են։ Մենք կարող ենք վկայակոչել ընդամենը երկու միջնորդություն, որոնց բավարարվելու դեպքում վստահաբար նոր մեղադրյալներ էլ կհայտնվեն, եւ առհասարակ կլրացվի եւ կփոփոխվի նաեւ այս ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը՝ ավելի ծանրացնելով այն», - մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Գրիգորյանը: - «Ինձ թվում է նախաքննության մարմինը շատ հստակ դիրքորոշում ունի։ Նրանք ցանկանում են սահմանափակվել ամբաստանյալի աթոռին գտնվող անձանց վերաբերյալ քննությամբ։ Որի պատճառներից մեկն էլ, կարծում եմ, որ անցանկալի տեղեկություններ՝ «պաշտպանված անձանց» մասին ձեռք բերելու ռիսկն է»։

Ինչպես հայտնի է, իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում էր, որ այս հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի հետեւանքով երեք զինվորական բժիշկներ հայտնվեցին հիվանդանոցում։ Նրանցից հատկապես ծանր վնասվածքներ ստացած Վահե Ավետյանը միջադեպից 12 օր անց մահացավ։

Գրիգորյանը նաեւ նշեց, թե իրենց համոզմամբ, ներկայումս դատարանում մեղադրյալի աթոռին նստած վեց հոգուն ավելի մեղմ պատիժ է առաջադրված, քան նրանք արժանի են: Նա հիշեցրեց, որ վեց ամբաստանյալներին մեղադրանք է ներկայացվել ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար, ինչի հետեւանքով անզգուշորեն մահ է առաջացել։

«Նույնիսկ մեր ձեռքի տակ եղած քրեական գործի նյութերից ակնհայտ է, որ տեղի է ունեցել սպանություն առանձնակի դաժանությամբ եւ մի խումբ անձանց կողմից», - հավելեց փաստաբանը։

Այսօր մենք զրուցեցինք նաեւ «Հարսնաքարի» գործով դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների նշված հայտարարությունների կապակցությամբ նա մեկնաբանեց․ - «Դատախազության վարքագիծը շատ պարզ է․ գործից անջատված մաս ունենք, որով ներկայումս ակտիվ գործողությունները շարունակվում են հանցագործության այլ մասնակիցներին հայտնաբերելու համար»։

Հավելենք, որ «Հարսնաքարի» գործով այսօրվա դատական նսիտի ընթացքում 6 ամբաստանյալների փաստաբանները հարցեր էին ուղղում գործով տուժող Արտակ Բայադյանին, եւ այդ փաստաբաններից ոմանք նշեցին, թե վերջինիս` նախաքննության եւ դատաքննության ընթացքում տրված ցուցմունքների միջեւ որոշակի հակասություններ են տեսնում: Սակայն թե´ Բայադյանը, թե´ տուժող կողմի փաստաբանները եւ թե´ անգամ դատախազը չհամաձայնեցին այդ պնդումների հետ։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG