Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի ԽՎ-ի նսստաշրջանում Սաֆարովի հարցը չի քննարկվի


«Սաֆարովին ներում շնորհելը չի նպաստում խաղաղ կարգավորմանը»
please wait

No media source currently available

0:00 0:01:22 0:00
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ուրբաթ օրը մեկնարկեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 58-րդ նստաշրջանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` վեհաժողովի նախագահ Կարլ Լամերսը մտահոգություն հայտնեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու եւ հայրենիքում հերոսացնելու` Ադրբեջանի նախագահի որոշման առնչությամբ:

«Ես խորապես մտահոգված եմ Ռամիլ Սաֆարովին ներելու որոշմամբ։ Կատարած հանցագործության համար նրան փառաբանում են դատապարտելու փոխարեն։ Ես ամբողջությամբ համաձայն եմ կառույցի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ, որ սա չի նպաստում խաղաղ կարգավորմանը։ Այդ առումով ես կարող եմ միայն վերահաստատել իմ շարունակական աջակցությունը Մինսկի խմբի գործընթացին», - ասաց Լամերսը:

Լամերսը տեղեկացրեց, որ պատասխանել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարից ստացած նամակին՝ Հովիկ Աբրահամյանին հստակ հայտնելով իր մտահոգությունները։ Իսկ ադրբեջանական կողմից, ինչպես հայտնեց Կարլ Լամերսը, որեւէ արձագանք չի եղել։ Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարի խոսքով` այս նստաշրջանի ընթացքում ինքն անպայման հարցը կքննարկի Հայաստանի պատվիրակության, ինչպես նաեւ կառույցի բյուրոյի անդամների հետ։ Հայկական պատվիրակությունը գլխավորում է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։

Հարցին, թե բուն նստաշրջանի օրակարգում ներառվա՞ծ է արդյոք Սաֆարովի թեման, բավական կտրուկ արձագանքեց Չեխիայի պատվիրակության ղեկավար Յան Համաչեկը, ով գլխավորում է Ադրբեջան-Չեխիա միջխորհրդարանական բարեկամության խումբը:

«Նախ ասեմ, որ մենք չենք անդրադարձել այս հարցին Չեխիայի խորհրդարանի ստորին պալատում եւ չենք էլ պատրաստվում անել դա։ Ես հույս ունեմ, որ այս հավաքին եւս դա չի դառնա հիմնական թեման։ Կան շատ ավելի անհանգստացնող հարցեր, խորքային բանավեճեր, չէի ուզենա կենտրոնանալ նման մասնավոր բաների վրա», - հայտարարեց չեխ գործիչը՝ հավելելով, թե ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է գտնել Մինսկի խմբի շրջանակում՝ այդչափ չանհանգստանալով «մասնավոր դեպքերով»։

Վեհաժողովի նախագահ Կարլ Լամերսը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ի թիվս մի շարք երկրների, հատուկ անդրադարձավ Վրաստանին, մասնավորապես, նախորդ ամիս այս երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, թե դրանք կարեւոր քայլն էին երկրի ժողովրդավարական ձեռքբերումներն ամփոփելու համար:

«Նրանք արձանագրեցին իշխանության առաջին խաղաղ փոխանցումը՝ Վարդերի հեղափոխությունից հետո։ Իսկ այս մեկն արդեն ավելի հաջողված հեղափոխություն էր։ Մեր վեհաժողովն ակնկալում է աշխատել վրացական նոր կառավարության հետ եւ շարունակել աջակցել Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին», - ասաց Լամերսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG