Մատչելիության հղումներ

logo-print

ՀԲԸՄ-ն սիրիահայերին օգնում է վճարել բնակարանի վարձը


Սիրիահայերը ժամանում են Հայաստան

Սիրիահայերը ժամանում են Հայաստան

Հայաստանում գտնվող սիրիահայերից շատերը ամեն օր երեկոյան ժամերին հավաքվում են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) գրասենյակում:

ՀԲԸՄ-ի սիրիահայերի հարցերով հանձնախումբն արդեն երկրորդ ամիսն է, ինչ վճարում է սիրիահայերի բնակարանների վարձի մի մասը՝ 40 - 60.000 դրամ ամսական։ Գումարի չափը պայմանավորված է ընտանիքի անդամների թվով, 40.000 դրամը տրվում է մեկ անձին, 60.000 դրամը` մի քանի անդամից բաղկացած ընտանիքի:

Սիրիական պատերազմից Հայաստան փախած սիրիահայերը համբերությամբ սպասում են իրենց հերթին, այնուհետեւ մոտենում են հանձնախմբի անդամներին՝ լրացնելու հարցաթերթիկն ու պատասխանելու որոշակի հարցերի:

Սիրիայում աշխատանքով ապահովված, իսկ Հայաստանում հիմնականում անգործ մնացած տղամարդիկ գերադասում են չխոսել այն մասին, որ ստիպված են դիմել օգնության, իսկ կանայք պատմում են Հայաստանում իրենց առօրյա դժվարությունների մասին:

Մարինե Ալեշային արդեն երկրորդ անգամն է դիմում Հայկական բարեգործական ընդհանուր միության օգնությանը: Հոկտեմբերին նա, ստացած 60.000 դրամին ավելացնելով եւս 60.000 դրամ, վճարել է երկու սենյականոց բնակարանի վարձը: Կինն ասում է, որ օգոստոսին, երբ Սիրիայից Հայաստան եկան, Երեւանում հազիվ բնակարան գտան։

Նա տխուր պատմում է անգործ ամուսնու ու երեք հոգուց բաղկացած ընտանիքի դժվարությունների մասին․ - «Առաջին անգամ՝ գործ չունենք։ Ամուսինս նստած է, չի աշխատում։ Տղաս գլուխը այստեղ այնտեղ է խփում՝ մարդավարի գործ չկա։ Չնչին բաներ է վաստակում»։

Վարձով բնակարանների գումարի համար հավաքված սիրիահայերին Հայաստանում շատ բան է միավորում: Նրանց մեծ մասն այստեղ աշխատանք չունի: Անցած մի քանի ամսվա ընթացքում Սիրիայից բերած գումարներն արդեն վերջանում են։

Սիրիահայերի հիմնախնդիրները կարգավորող կենտրոն ՀԿ նախագահ Լենա Հալաջյանն ասում է, որ մի քանի օրվա ընթացքում ավելի քան 200 դիմում են ստացել: Նախորդ ամսվա ընթացքում հայ բարեգործական ընդհանուր միությունը 220 սիրիահայ ընտանիքի բնակարանի վարձ էր վճարել: Դիմողների մեծ մասը Երեւանում են բնակվում: Նախորդ ամիս բնակարանի վարձի գումար էր ստացել նաեւ մարզերում բնակվող մոտ 50 սիրիահայ ընտանիք: Նոյեմբեր ամսվա գումարները կվճարվեն ամսվա երկրորդ կեսին:

Հայկական բարեգործական ընդհանուր միության` սիրիահայերի հարցերով հանձնախմբի ատենապաետ, հալեպահայ Առուշ Եսայանն ասում է, որ մայրաքաղաքի կենտրոնում բնակվողների բնակարանների վարձերը չեն վճարում: Չեն վճարում նաեւ նրանց, ովքեր Երեւանում տուն կամ լավ աշխատանք ունեն: Այնուհանդերձ, եթե ընտանիքի որեւէ անդամ աշխատանքով է ապահովված, բայց վաստակած գումարը քիչ է, հալեպահայերից կազմված 11 անդամից բաղկացած հանձնախումբը որոշում է կայացնում նրանց եւս վճարել։

«Եթե աշխատում է՝ մի քիչ ավելի խիստ ենք», - նշեց Եսայանը։

Ընդհանուր առմամբ, ՀԲԸՄ դիմողների 80 տոկոսը կարիքավոր են։

Հայ բարեգործական ընդհանուր միությունն այս նպատակով ամսական ծախսում է մոտ 60 հազար դոլար: Այս ծրագիրը կտեւի մինչեւ տարեվերջ, ինչից հետո կքննարկվի դրա շարունակման անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG