Մատչելիության հղումներ

«Հարսնաքարի» օրինագիծը բացասական եզրակացություն ստացավ


Բողոքի ցույց «Հարսնաքարի» դիմաց, 8 հուլիսի, 2012
Բողոքի ցույց «Հարսնաքարի» դիմաց, 8 հուլիսի, 2012
Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ուրբաթ օրը բացասական եզրակացություն տվեց «Հարսնաքարի» գործի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրինագծին:

Նախագիծը հեղինակել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը:

Հանձնաժողովի որոշումը նշանակում է, որ ընդդիմադիրների օրինագիծն Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում ընդգրկվելու, խորհրդարանի դահլիճում քննարկվելու համար պետք է ստանա պատգամավորների մեծամասնության հավանությունը: Դա փոքր-ինչ դժվարացնում է հարցը, քանի որ մեծամասնություն կազմող իշխանական կոալիցիան այսօր իր հստակ բացասական տեսակետը հայտնեց հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

«Այս վերաբերմունքը բնորոշ է Հանրապետական կուսակցության քաղաքականությանը: Ասում են, որ իբրեւ պատրաստ են պայքարել անպատժելիության դեմ, բայց գործով ապացուցում են հակառակը», - ասաց Փոստանջյանը:

«Ժառանգության» պատգամավորներն առաջարկում են մանրակրկիտ ուսումնասիրել այս տարվա հունիսին Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքները: Ստեղծվելիք հանձնաժողովը իրավունք կունենա պետական մարմիններից պահանջել գործին առնչվող ցանկացած փաստաթուղթ, հրավիրել եւ լսել գործի վերաբերյալ ներկա եւ նախկին պաշտոնյաների, քաղաքացիների, վկաների բացատրությունները: Հանձնաժողովը, ինչպես ծրագրում են հեղինակները, պետք է անդրադարձ կատարի նաեւ 2001 թվականին Պողոս Պողոսյանի սպանությանն ու դրանից հետո տեղի ունեցած աղմկահարույց այն գործերին, որոնց համար «պատասխանատու կամ մեղսակից են գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց հետ առնչություն ունեցող անձինք»:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին ներկա եւ հանձնաժողով ստեղծելու գաղափարին դեմ հանրապետական բոլոր պատգամավորները, նաեւ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նույն հակափաստարկները բերեցին` պետք չէ խանգարել «Հարսնաքարի» գործով դատավարությանը:

«Կարծում եմ` շատ վտանգավոր է, երբ մենք որոշենք միջամտել այլ մարմնի գործառույթներին», - ասաց Հարությունյանը:

Արձագանքելով ՀՀԿ-ականների փաստարկներին` Զարուհի Փոստանջյանը զուգահեռներ անցկացրեց Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի հետ:

«Այդ ժամանակ նույնպես ընթանում էր դատավարություն, եւ միաժամանակ գործեց եւ ժամանակավոր հանձնաժողովը, եւ Փաստահավաք խումբը: Որեւիցե մեկը այդ ժամանակ չասեց, որ դա կարող է, այդ թվում` պարոն Հարությունյանը, որ դա Սահմանադրությանը հակասում է եւ միջամտում է դատական գործընթացին», - ասաց Փոստանջյանը:

ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը նաեւ քաղաքական ենթատեքստ տեսավ նախաձեռնության մեջ:

«Կոչ կանեի գոնե նախընտրական ժամանակահատվածում զերծ մնալ նման հարցերի քննարկումից եւ կխնդրեի քաղաքական թիմերի PR ակցիան անել մեկ այլ հարթության վրա», - ասաց նա:

«Կա խնդիր, դրան չենք ուզում անդրադառնալ, միանգամից ասում եք` որովհետեւ ուզում ենք PR-ներ անել», - հակադարձեց «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը:

Պետաիրավականի նիստին հրավիրվել էին նաեւ «Հարսնաքարի» գործով տուժողների իրավահաջորդ փաստաբանները: Սակայն նրանք չհասցրեցին իրենց տեսակետը ներկայացնել հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, քանի որ պետք է ներկա գտնվեին գործի դատաքննությանը եւ ավելի վաղ լքեցին նիստերի դահլիճը: Նախագիծը կմտնի՞ ԱԺ օրակարգ, թե՞ կմերժվի, վերջնականապես պարզ կդառնա երկուշաբթի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG