Մատչելիության հղումներ

Քրգործեր Արաբկիրի ոստիկանների նկատմամբ


Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նոյեմբերի 7-ին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Ոստիկանության Երեւանի վարչության Արաբկիրի բաժնի առանձին ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

Հատուկ քննչական ծառայության այսօրվա հաղորդագրության համաձայն` պարզվել է, որ Արաբկիրի ոստիկանության առանձին ծառայողներ, 2011-2012 թվականների ընթացքում ահազանգեր ստանալով մի քանի քաղաքացիներից՝ կողոպուտի, գողության, ավազակության դեպքերի վերաբերյալ, «խմբային շահերից ելնելով, նշված հանցագործության դեպքերը թաքցրել են եւ միջոցներ չեն ձեռնարկել դրանք բացահայտելու ուղղությամբ՝ էական վնաս պատճառելով քաղաքացիների եւ պետության օրինական շահերին»:

ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել նաեւ Ոստիկանության Երեւանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ:

«Ազգային անվտանգության ծառայությունում քաղաքացուց ստացված հաղորդման համաձայն` թմրամիջոց գործածելու համար իրեն քրեական պատասխանատվության չենթարկելու դիմաց ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչն ու քննիչը իրենից պահանջել են 200 հազար դրամ (մոտ 500 դոլար) կաշառք: Քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով», - ասված է ՀՔԾ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։

Քրեական գործերով կատարվում է նախաքննություն, որի արդյունքների մասին Հատուկ քննչական ծառայությունը խոստանում է տեղեկատվություն տրամադրել լրացուցիչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG