Մատչելիության հղումներ

Բաշար Ասադ.«Էրդողանն իրեն սուլթան է զգում»


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Դամասկոսում, 4-ը սեպտեմբերի, 2008թ.

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Դամասկոսում, 4-ը սեպտեմբերի, 2008թ.

«Խնդիրը ոչ թե Թուրքիայի ժողովրդի, այլ հենց Էրդողանի կառավարության հետ է», - Russia Today-ի հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահը։

«Էրդողանին թվում է, թե ինքը սուլթան է», - ռուսական անգլալեզու Russia Today հեռուստաալիքին տված ծավալուն հարցազրույցում պնդում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

«Խնդիրը ոչ թե Թուրքիայի ժողովրդի, այլ հենց Էրդողանի կառավարության հետ է: Թուրքիայի վարչապետին թվում է, որ եթե «Մահմեդական եղբայրություն» կազմակերպության հետեւորդները հաղթանակի հասնեն ողջ տարածաշրջանում, մասնավորաբար` Սիրիայում, դա կերաշխավորի իր քաղաքական ապագան: Կարծում եմ նաեւ, որ Էրդողանին անձնապես թվում է` օսմանյան նոր սուլթան է եւ ի վիճակի է կառավարել տարածաշրջանն այնպես, ինչպես Օսմանյան կայսրության օրոք էր, բայց նորացված` իսլամական շղարշի ներքո: Ինձ թվում է, որ Էրդողանը հոգու խորքում իրեն խալիֆ է զգում: Սրանք են այն երկու հիմնական պատճառները, որ ստիպեցին Էրդողանին «զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությունից ի վերջո անցում կատարել դեպի զրո բարեկամի քաղաքականությունը», - պնդում է Ասադը:

Դրա հետ մեկտեղ, նա համոզված է, որ չնայած առկա լարվածությանը` պատերազմը Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ անհավանական է:

«Պատերազմը հանրային աջակցություն է պահանջում, իսկ Թուրքիայի ժողովրդի մեծամասնությունը պատերազմ չի ցանկանում: Այնպես որ, ես չեմ կարծում, թե որեւէ բանական պաշտոնյա կարող է հակադրվել սեփական ժողովրդի շրջանում տիրող տրամադրություններին: Դա, ի դեպ, վերաբերում է նաեւ Սիրիայի ժողովրդին: Երկրորդ պատճաոը, որ պատերազմը քիչ հավանական է դարձնում, հետեւյալն է` խնդիրները ծագել են մեր պաշտոնյաների եւ թուրք պաշտոնյաների միջեւ` վերջիններիս որդեգրած քաղաքականության պատճառով: Ժողովուրդների միջեւ որեւէ խնդիր չկա: Սա է պատճառը, որ ես հորիզոնում թուրք - սիրիական պատերազմ չեմ տեսնում», - նշում է Բաշար Ասադը:

Խոսելով Սիրիայի ներսում տիրող իրադրության մասին` Ասադը պնդում է. - «Ես որեւէ խնդիր չունեմ սիրիացի ժողովրդի հետ: Միացյալ Նահանգներն ինձ դեմ է, Արեւմուտքը դեմ է ինձ, արաբական երկրների մի մասը դեմ է, Թուրքիան եւս դիմակայում է ինձ: Եթե նման պայմաններում ինձ դեմ լիներ նաեւ սիրիացի ժողովուրդը` մի՞թե ձեզ թվում է, որ ես այստեղ նստած կլինեի: Եթե աշխարհի մի զգալի հատվածը, դրան էլ գումարած` քո սեփական ժողովուրդը, քեզ չեն ընդունում, դու պետք է առնվանզ սուպերմեն լինես: Իսկ ես պարզ մարդ եմ»։

Սիրիայի նախագահը հավելում է, որ եթե ապստամբներին արտերկրից եկող օգնությունը դադարի, ապա կառավարական բանակից ընդամենը մի քանի շաբաթ կպահանջվի երկրում կարգուկանոն հաստատելու համար:

«Բանակը ի վիճակի չէր լինի այս բարդ իրավիճակում շուրջ 20 ամիս դիմակայել, եթե չունենար հանրության աջակցությունը։ Ոմանք պնդում են, որ սիրիական բանակը սպանում է սեփական ժողովրդին, այդ պայմաններում ինչո՞ւ է այդ նույն ժողովուրդը աջակցում բանակին: Այստեղ հակասություն կա», - նշում է Ասադը:

Նրա համոզմամբ` արեւմտյան ինտերվենցիան երկրում քիչ հավանական է:

«Չեմ կարծում, որ Արեւմուտքը նման մտադրություն ունի: Բայց եթե հանկարծ նման բան տեղի ունենա, որեւէ մեկը չի կարող կանխատեսել հետեւանքները», - պնդում է Սիրիայի նախագահը:

Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե սիրիական իշխանություններն ի վերջո պարտվեն. այդ դեպքում, ըստ Բաշար Ասադի, «Ալ-Ղաիդա»-ն կանի ամեն ինչ, որպեսզի Սիրիան վերածի իսլամական էմիրաթի:

'Russia Today-ը այսօր հեռարձակել է Ասադի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը: Երեկ հեռուստաընկերության եթերում ցուցադրվել էր միայն Ասադի եւ լրագրող Սոֆիկո Շեւարդնաձեի զրույցի միայն մի փոքրիկ հատվածը, որտեղ Ասադը նշում է, թե չի պատրաստվում լքել Սիրիան:

«Ես սիրիացի եմ, ծնվել եմ Սիրիայում եւ պետք է ապրեմ ու մեռնեմ Սիրիայում», - հայտարարել է Սիրիայի նախագահը Russia Today-ի հարցազրույցում։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG