Մատչելիության հղումներ

logo-print

Վեց մրցանակ լավագույնը անվանակարգում եւ մի քանի ժյուրիի հատուկ նշում. այսպիսին էին «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնի արդյունքները:

Լիամետրաժ մրցութային ծրագրում հաղթող ճանաչվեց «Մարդու ողբերգությունը» ֆիլմը, կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերից լավագույնը հայտարարվեց «Չինտի»-ն, լավագույն ավարտականը՝ «366 օր»-ն էր, լավագույն երաժշտական ֆիլմը՝ «Դաշնամուրի ոգիները», հեռուստատեսային/գովազդ անվանակարգի հաղթողը՝ «Կանգնելով հանուն ազատության» ֆիլմն էր, իսկ մանկական ընտրությունը լավագույնը ճանաչեց «Հանդուրժիր ինձ» ֆիլմը:

Չնայած հաղթողների թվում հայկական անիմացիոն ֆիլմեր չկային, «Ռեանիմանիայի» հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին նշեց, որ տարեցտարի դրանց թիվն ավելանում է, որակը՝ բարձրանում:

«Ռեանիմանիայի» առաջին տարին հայաստանցի անիմատորներից մեկ դիմում ունեինք, այս տարի՝ արդեն 7-ը», - ասաց Քասունին:

Նրա խոսքով` ավելիին պետք չէ սպասել, քանի որ Հայաստանում անիմացիայով զբաղվելու համար տարբեր խոչընդոտներ կան, սակայն դրանք, ինչպես նաեւ հայկական ֆիլմերի մրցունակությունը «ժամանակի խնդիր են»:

Կարճամետրաժ ֆիլմերի ժյուրիի անդամ Մարտին Ուոլները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ կարճամետրաժների մրցութային ծրագիրը կարող էր մրցակցել նման այլ փառատոններին ցուցադրվող ֆիլմեր հետ:

«Ֆիլմերի ընտրությունը շատ լավն էր. տարբեր պատմություններ կային, տարբեր անիմացիոն ոճեր: Մրցութային ծրագիրը դիտելով՝ պարզ էր դառնում, թե ինչ է հնարավոր անել անիմացիայի շնորհիվ», - ասաց նա:

Մարտին Ուոլները նշեց, որ տպավորվել է նույնիսկ ավարտական աշխատանքներից մեկով:

«Ես իսկապես զարմացած էի ավարտական մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերի որակով, որովհետեւ, երբ դիտում ես ավարտական ֆիլմ, մեծամասամբ սպասում ես, որ կամ պատմությունը լավը չի լինի, կամ անիմացիայի որակը, բայց այն ավարտական ֆիլմը, որ ես տեսա, իրոք հրաշալի էր արված», - ասաց ժյուրիի անդամը:
XS
SM
MD
LG