Մատչելիության հղումներ

Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները դժգոհում են


«Հարսնաքար» ռեստորանային համալիրը
«Հարսնաքար» ռեստորանային համալիրը
Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները բողոքում են, որ «Հարսնաքար»-ի գործով ներկայումս ընթացող դատավարության ժամանակ դատախազությունը անհրաժեշտ ջանք չի գործադրում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծին մասնակցած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վահե Ավետյանի իրավահաջորդի` նրա հայր Գառնիկ Ավետյանի փաստաբան Տիգրան Եգորյանը:

Հիշեցնենք, որ դեռ օգոստոսին Ոստիկանությունը հայտարարեց, թե ձեռք է բերել ապացույցներ այն մասին, որ «Հարսնաքար»-ի գործով 6 կալանավորվածներից բացի ռեստորանում ծեծկռտուքին մասնակցել են եւս մի խումբ մարդիկ։

Բացի այդ, գործով որպես տուժող անցնող զինվորական բժիշկ Արտակ Բայադյանը բազմիցս, այդ թվում` դատարանում, պնդել է, որ ծեծկռտուքին մասնակցել են 15-20 հոգի եւ ոչ թե միայն այն 6-ը, որոնց մեղադրանք է ներկայացվել:

«Դատաքննության ընթացքում թեկուզ Արտակ Բայադյանի ցուցմունքներից արդեն իսկ մի շարք անձանց նկարագրեր եւ մասնակցության վերաբերյալ տվյալներ են հայտնի, որոնց ուղղությամբ դատախազությունը պնդում է, որ իբր աշխատանքները շարունակվում են գործից անջատված մասով։ Սակայն սրանք դեկլարատիվ բնույթի հայտարարություններ են, քանզի, նախ, դատախազը որեւէ քայլ չի ձեռնարկում մեղադրանքի ծավալը փոփոխելու կապակցությամբ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Տիգրան Եգորյանը։

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` նա հաստատեց, որ իրենց կարծիքով` մեղադրանքը պետք է ավելի ընդլայնվի եւ նոր մարդկանց մեղադրանք ներկայացվի։ «Բացի նոր մարդկանց ներգրավելը` նաեւ այս 6 ամբաստանյալների մեղադրանքի ծավալը փոփոխելը», - ասաց փաստաբանը` համոզմունք հայտնելով, որ մեղադրանքը պետք է ավելի խստացնել։

«Եվ այժմ մենք կանգնած ենք մի խնդրի առջեւ, երբ դատախազությունը ասում է, որ «ես ձեւականորեն մաքսիմալ պատիժ եմ պահանջելու», սակայն մեղադրում է նրանց ոչ այն արարքի համար, որը նրանք կատարել են, եւ ոչ այն խստությամբ է որակում այդ արարքը, որով որ պետք է որակեր», - հայտարարեց Եգորյանը` հիշեցնելով, որ 6 ամբաստանյալներին մեղադրանք է ներկայացվել ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար, ինչի հետեւանքով անզգուշորեն մահ է առաջացել:

Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի հետեւանքով երեք զինվորական բժիշկներ հայտնվեցին հիվանդանոցում։ Նրանցից հատկապես ծանր վնասվածքներ ստացած Վահե Ավետյանը միջադեպից 12 օր անց մահացավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG