Մատչելիության հղումներ

Ասադը հայտարարում է, որ կմնա ու կմեռնի Սիրիայում


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հարցազրույցներից մեկի ժամանակ, օգոստոս, 2012թ.

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հարցազրույցներից մեկի ժամանակ, օգոստոս, 2012թ.

«Ես սիրիացի եմ, ծնվել եմ Սիրիայում եւ պետք է ապրեմ ու մեռնեմ Սիրիայում», - հայտարարել է Սիրիայի նախագահը Russia Today-ի հարցազրույցում։

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ռուսաստանյան Russia Today հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե երկրից չի հեռանա, կմնա ու կմեռնի Սիրայում:

Անդրադառնալով Սիրիայի իրադարձություններին Արեւմուտքի ռազմական միջամտության հնարավորությանը` Ասադն ասել է. - «Ես կարծում եմ, որ ներխուժման գինը, եթե ներխուժում տեղի ունենա, շատ ավելին կլինի, քան ամբողջ աշխարհը կարող է դիմանալ: Դա աշխարհի վրա դոմինոյի էֆեկտ կունենա, Ատլանտյանից մինչեւ Խաղաղ [օվկիանոս]», - զգուշացրել է Սիրիայի նախագահը:

Այնուհանդերձ, նա ասել է, թե չի կարծում, որ Արեւմուտքը պատրաստվում է ներխուժել Սիրիա: «Բայց եթե նրանք դա կատարեն, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կհաջորդի դրան», - զգուշացրել է Բաշար ալ-Ասադը:

Անդրադառնալով երկրից անվտանգ հեռանալու մասին լուրերին` Ասադն ասել է. - «Ես խամաճիկ չեմ: Ինձ Արեւմուտքը չի պատրաստել, որ հեռանամ Արեւմուտք կամ որեւէ այլ երկիր: Ես սիրիացի եմ, ծնվել եմ Սիրիայում եւ պետք է ապրեմ ու մեռնեմ Սիրիայում»:

Հաղորդելով Russia Today հեռուստաընկերության կայքում տեղադրված Բաշար ալ-Ասադի հարցազրույցի այս հատվածը` Reuters լրատվական գործակալությունը նշում է, որ պարզ չէ, թե որտեղ է անցկացվել հարցազրույցը: Russia Today-ը հայտնում է, որ հարցազրույցը ամբողջովին կհեռարձակի ուրբաթ օրը: Երեկ հրապարակվել են միայն հարցազրույցի այս կարճ հատվածները ու նաեւ կադրերը, որոնք ցույց են տալիս սպիտակ առանձնատան աստիճաններով իջնող Բաշար ալ-Ասադին:

Նրա հետ հարցազրույցը վարել է Սոֆիա Շեւարդնաձեն` Վրաստանի նախկին առաջնորդ Էդուարդ Շեւարդնաձեի թոռնուհին: Բաշար ալ-Ասադը հարցազրույց է տվել անգլերենով:

Երկու օր առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ասել էր, թե Սիրիայում արյունահեղությանը վերջ տալու համար Բաշար ալ-Ասադին կարող է հնարավորություն տրվի անվտանգ հեռանալ:

Սիրիայում արդեն 19 ամիս շարունակվող բախումների, քաղաքացիական պատերազմի արդյունքում մոտավորապես 38 հազար մարդ է զոհվել, հարյուր հազարավոր մարդիկ հեռացել են երկրից, ներքին տեղահանվածների թիվը անցնում է միլիոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG