Մատչելիության հղումներ

«Ադրբեջանի նավթադոլարները ծառայում են միայն պաշտոնյաների շահերին»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Պետական նավթային հիմնադրամի նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ, Բաքու, 29-ը դեկտեմբերի, 2009թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Պետական նավթային հիմնադրամի նոր շենքի հիմնարկեքի արարողության ժամանակ, Բաքու, 29-ը դեկտեմբերի, 2009թ.

Ադրբեջանցի բլոգերը վերլուծում է Նավթային հիմնադրամի գործունեությունը։

Մի քանի օր առաջ Բաքվում արձանագրվեց աննախադեպ զարգացում՝ առաջին անգամ Ադրբեջանի Նավթային հիմնադրամի պատմության մեջ կառավարությունը հայտարարեց, թե այդ կառույցի բյուջեն 2013 թվականին պակասորդ է ունենալու՝ ծախսելու են եկամուտներից ավելի շատ։ Հայտարարությունը հնչեց հաջորդ տարվա բյուջեի քննարկումներում, սակայն այդպես էլ լայն արձագանք չստացավ հանրության շրջանում։

Ադրբեջանցի բլոգեր Ջավիդան Թեբրիզլիի համոզմամբ, պատճառը հստակ է՝ Ադրբեջանում քաղաքացիները վաղուց են կորցրել ընդդիմադիր ուժերով ինչ-որ բան փոխելու հույսը, բացի այդ, շատերն են համակերպվել այն մտքին, որ նավթային դոլարները, միեւնույն է, ծախսվում են պաշտոնյաների հայեցողությամբ ու ծառայում են միայն նրանց շահերին։ Եվ թերեւս դա է պատճառը, որ դրանց ավելն ու պակասը շարքային քաղաքացիներին, մեծ հաշվով, կարծես թե չի հետաքրքրում։

Այդուամենայնիվ, ի՞նչ է կատարվում, ո՞ւր են գնում նավթադոլարները՝ հարցնում է բլոգերը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքէջում հրապարակած հոդվածում եւ ինքն էլ պարզաբանում. ամեն տարի Պետական նավթային հիմնադրամը եկամտի առյուծի բաժինը փոխանցում է Ադրբեջանի բյուջեին, բացառություն չէ նաեւ 2013 թվականը։ Հաջորդ տարի, մասնավորապես, նախատեսվում է Նավթային հիմնադրամից պետության գանձարան փոխանցել 11 միլիարդ մանաթ՝ ավելի քան 14 միլիարդ դոլար։ Ընդ որում, վիճակագրությունը փաստում է, որ տարեցտարի այս գումարներն ավելանում են, նախագահն ու կառավարությունն էլ հայտարարում են, թե դրանք արդարացված ծախսեր են՝ սոցիալ-տնտեսական ոլորտում անհրաժեշտ ծրագրերն իրականացնելու համար։

«Սակայն, պետական կառույցներն այդպես էլ չեն բացատրում՝ ինչու են պետության համար կարեւոր այդ ծրագրերն իրականանում նավթադոլարների հաշվին, արդյոք Ադրբեջանը չունի՞ պետբյուջե, որը եւ, ըստ էության, պետք է լուծի բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները», - հարցնում է հոդվածագիրը։

Վերջինս հիշեցնում է, որ դեռեւս այս տարվա սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանձնարարել էր կառավարությանը կրճատել բյուջեի կախվածությունը Նավթային հիմնադրամից, այդուամենայնիվ, տարվա վերջին կառավարությունը կրկին քննարկման է դրել մի փաստաթուղթ, որով պետական ծախսերի շուրջ 60 տոկոսը նախատեսվում է իրականացնել կապույտ վառելիքի արդյունահանման հաշվին։

«Սա վերջի սկիզբն է», - կարծիք է հայտնում ադրբեջանցի բլոգերը եւ մանրամասնում՝ մինչեւ այսօր Ադրբեջանի իշխանություններին հաջողվում էր տնտեսական քաղաքականության թերությունները քողարկել Նավթային հիմնադրամի օգնությամբ, մինչդեռ այժմ պակասորդ է արձանագրում նաեւ այդ կառույցը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը ծախսում է ավելի շատ, քան կարողանում է վաստակել, անգամ՝ նավթային պաշարները վատնելու հաշվին։ Իսկ դրանք վաղ թե ուշ վերջանալու են` ըստ կանխատեսումների», - փաստում է ադրբեջանցի բլոգերն ու հռետորական հարց հնչեցնում՝ ի՞նչ են անելու այդ ժամանակ Ադրբեջանի իշխանությունները տնտեսական աճը պահպանելու եւ սոցիալ-տնտեսական անհրաժեշտ ծրագրերը կյանքի կոչելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG