Մատչելիության հղումներ

Այսօր գումարվում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը


Ռումինիա - ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 57-րդ տարեկան նստաշրջանը Բուխարեստում, հոկտեմբեր, 2011թ.

Ռումինիա - ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 57-րդ տարեկան նստաշրջանը Բուխարեստում, հոկտեմբեր, 2011թ.

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորն ու փորձագետը ժամանել են Պրահա

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 58-րդ ամենամյա նստաշրջանին մասնակցելու համար նախօրեին Պրահա են ժամանել Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի ավագ փորձագետ Զաբելա Ղազարյանը։

Այս նստաշրջանին մասնակցում է շուրջ 350 պատվիրակ` խորհրդարանականներ եւ գործադիր իշխանության պաշտոնյաներ, փորձագետներ եւ վերլուծաբաններ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներից, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկայի եւ Եվրոպայի գործընկեր-պետություններից։

Շաբաթ եւ կիրակի օրերին նիստեր են գումարելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հինգ մշտական հանձնաժողովները` քաղաքական, պաշտպանության եւ անվտանգության, գիտության եւ տեխնոլոգիայի, անվտանգության քաղաքացիական բաղադրիչի, ինչպես նաեւ էկոնոմիկայի եւ անվտանգության։

Կառույցը ունի գրեթե վեց տասնամյակի պատմություն

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը ստեղծվել է 1955 թվականին։ Այդ ազդեցիկ կառույցում այն ժամանակ ընդգրկվել են Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների խորհրդարանների անդամները, ովքեր Վեհաժողովում քննարկել են անվտանգության հարցեր։

Վեհաժողովի առաքելությունն է ամրացնել տրանսատլանտյան համագործակցությունը եւ պաշտպանել ՆԱՏՕ-ի հիմնարար արժեքները, որոնց շուրջ միավորվել են դաշինքի երկրները` խորհրդարանական դեմոկրատիան, անձնական ազատությունները, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը։

Խորհրդարանական վեհաժողովը որպես հաստատություն կապված չէ ՆԱՏՕ-ի հետ, սակայն կոչված է նպաստել դաշինքի եւ դրա անդամ երկրների օրենսդիր մարմինների համագործակցությանը եւ ավելի թափանցիկ դարձնել ՆԱՏՕ-ի քաղաքականությունը։

Կոմունիզմի փլուզումից հետո` նոր առաքելություն

«Սառը պատերազմից» հետո Խորհրդարանական վեհաժողովը ստանձնել է նաեւ մի նոր դեր` աջակցել անդամակցության նպատակ ունեցող եւ ինտեգրման ծրագրերին մասնակցող երկրներին։

Այսօր` Վեհաժողովի 58-րդ նստաշրջանի առաջին օրը ելույթներով հանդես կգան ՆԱՏՕ-ի խորհդարանական վեհաժողովի նախագահ Կարլ Լամերսը, Վեհաժողովում Չեխիայի պատվիրակության ղեկավար Յան Համաչեկը եւ Վեհաժողովի գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսը։

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 58-րդ նստաշրջանը կավարտվի նոյեմբերի 12-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG