Մատչելիության հղումներ

Հայերենից օտար լեզուներ է թարգմանվում շատ փոքր թվով գրականություն


Բուլղարիայում տեղակայված ու աշխարհի մի շարք երկրներում աշխատանք տանող Next page հիմնադրամը Հայաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ Հայաստանի գրահրատարակչության ոլորտին վերաբերող ուսումնասիրություն է արել, որի հիմնական մասը վերաբերում է թարգմանություններին:

Եվրամիության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում հիմնադրամը փորձել է պարզել, թե ինչ գրականություն ու ինչ տպաքանակով է թարգմանվում հայերենից օտար լեզուներ եւ հակառակը: Հետազոտողները պարզել են, որ 1991 թվականից ի վեր հայերենից ամենամեծ թվով գրքեր՝ 61 անուն, թարգմանվել են ֆրանսերեն, որին հաջորդում են գերմաներենը, իտալերենը, անգլերենը:

Հիմնադրամի նախագահ Յանա Գենովան հայտում է, որ ուսումնասիրությունն անելիս նկատել են մի շարք առանձնահատկություններ. - «Հայերենից դեպի այլ լեզուներ թարգմանություն անելիս հիմնական հույսը դնում են հայկական սփյուռքի վրա, ե՛ւ որպես սպառողի, ե՛ւ որպես թարգմանչի: Այն, որ Հայաստանից դուրս այդքան շատ հայեր կան, մեծ առավելություն է, բայց ունի նաեւ բացասական կողմեր: Ստացվում է, որ սփյուռքից դուրս հսկա շուկան, որ կարող էր սպառել հայկական գրականություն, այդպես էլ մնում է անտեսված: Հարջորդ առանձնահատկությունն այն է, որ հայերենից օտար լեզուներ են թարգմանվում հիմնականում պատմական բովանդակություն ունեցող գրքեր Հայաստանի պատմության, եկեղեցու պատմության եւ ցեղասպանության մասին»:

«Շատ շատ քիչ է այլ լեզուներ թարգմանվող ժամանակակից գրականությունը, այն գրականությունը, որը կարդում են այսօր եւ ստեղծվում է այսօր: Շատ ցավալի է, որ այդպես է, որովհետեւ եվրոպացի հրատարակիչներին հետաքրքրում է ներկան», - հայտում է «Next page» հիմնադրամի նախագահը:

Յանա Գենովան բերում է բուլղարերենի օրինակը, որը հայերենի նման փոքր լեզու է: Ըստ նրա՝ բուլղարարենից եվրոպական լեզուներ է թարգմանվում ժամանակակից գրականություն, հիմնականում վեպեր, որոնց հեղինակներն այժմ միջին տարիքի մարդիկ են:

Թարգմանիչ Սամվել Մկրտչյանը նշում է, որ հատկապես արձակը օտար լեզուներով թարգմանելու հարցը շատ լուրջ է եւ կարող է լուծվել միայն պետական աջակցությամբ․ - «Առանձին անհատներ կարող են նախաձեռնել թարգմանություններ, այդ թվում նաեւ ես, բայց դրանք անձնական նախաձեռնություններ են, եւ տպաքանակը պատկանում է հեղինակին եւ ոչ պետությունը, հետեւաբար պետությունը չի կարող տարածել այդ գրքերը արտասահմանի գրադարաններում եւ գրախանութներում»:

Ըստ թարգմանչի՝ իր մշակույթն ու գրականությունը դրսում տարածելու համար հենց պետությունը պետք է շահագրգիռ լինի:

«Պետությունն առաջին հերթին իր մշակույթով է ներկայանում աշխարհին, եւ եթե դու բան չունես ներկայացնելու, քեզ ոչ ոք հաշվի չի առնի», - նշում է Սամվել Մկրտչյանը:

Մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանի խոսքով, պետական պատվերով տարեկան 10-ից ավելի գիրք է հայերենից թարգմանվում օտար լեզուներ եւ հակառակը:


«Next page» հիմնադրամը ուսումնասիրություն անելուց բացի փորձելու է օգնել Մշակույթի նախարարությանը լուծել թարգմանության ու հայկական գրականությունը Եվրոպայում օտար լեզվով հրատարակելու խնդիրները: Նրանք հավաքել են հայ ու այլազգի մասնագետների լուծումներ մշակելու եւ առաջարկներ անելու համար:

Յանա Գենովան նշում է, որ հարկավոր է պետական դրամաշնորհներ տրամադրել հրատարակչություններին, որպեսզի վերջիններս թարգմանեն ու տպեն հայ գրականություն:

«Հայաստանը պետք է կապ պահպանի օտարազգի հայերենից այլ լեզուներ թարգմանող մարդկանց հետ: Այդ թարգմանիչները իսկական գանձ են Հայաստանի համար, նրանք ոչ միայն թարգմանում են, այլեւ գնում մի հրատարակչությունից մյուսը ու ի վերջո գտնում հրատարակչի», - նշում է Յանա Գենովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG