Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ռուսաստանը խորացնում են փոխգործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում, եւ առաջիկայում երկու երկրները ձեռնամուխ են լինելու համատեղ արտադրանքների թողարկմանը:

Հինգշաբթի օրը Հայաստանի կառավարության նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ պաշտպանական արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրական եւ գիտատեխնիկական կոոպերացիայի մասին» համաձայնագրի նախագիծը:

Ըստ այդ համաձայնագրի` երկու երկրների պաշտպանական արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների միջեւ տեղի է ունենալու «արտադրական եւ գիտատեխնիկական կոոպերացիա», որի արդյունքում սպառազինության, ռազմական եւ հատուկ տեխնիկայի մշակման, արտադրության, վերանորոգման եւ արդիականացման համար Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց են մատակարարելու «անհրաժեշտ նյութեր, կիսաֆաբրիկատների, համալրող արտադրանք, պահեստամասերի, սարքավորումներ» եւ այլն:

Ուշագրավ է նաեւ, որ ըստ համաձայնագրի պայմաններից մեկի` «առաքվող համատեղ ապրանքները ենթակա չեն վերաարտահանման եւ երրորդ երկրներին փոխանցման` առանց մատակարար կողմի նախնական գրավոր թույլտվության»:

Հատկանշական է, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համագործակցության մասին այս համաձայնագիրը պատրաստվեց Երեւան Ռուսաստանի արդեն նախկին պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի այցից շատ չանցած:

Սեպտեմբերի կեսերին Սերդյուկովը այստեղ էր` ներկա գտնվելու ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի հայաստանյան զորավարժությունների, եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում հայտարարվեց, թե տեղի են ունեցել նաեւ երկկողմ բանակցություններ, որոնց ժամանակ քննարկվել են նաեւ «պաշտպանական ոլորտի երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր»:

Մոսկվայում գործող ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցի կարծիքով` քանի Ռուսաստանն ու Հայաստանը նախկինում Խորհրդային Միության մասն էին, եւ այդ ժամանակ էլ Հայաստանը առանձնանում էր ռազմարդյունաբերության ոլորտում իր կարողություններով, ուստի «երկու երկրներն էլ միմյանց առաջարկելու բան կունենան»:

«Երկու երկրները ՀԱՊԿ անդամ են, որը ենթադրում է նաեւ ռազմարդյունաբերության ոլորտում փոխգործակցության հաստատում եւ խորացում: Մյուս կողմից պետք է ասեմ, որ Մոսկվան նմանատիպ պայմանագրեր կնքում է միայն այն պարագայում, երբ շահագրգռված է կոնկրետ համագործակցությամբ: Ուստի պետք է ենթադրել, որ այդ համաձայնագրով ոչ միայն Հայաստանը սպասելիք ունի Ռուսաստանից, այլեւ` Հայաստանն էլ առաջարկելու բան ունի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գոլցը:

Վերջին շրջանում Հայաստանը ռազմարդյունաբերության ոլոտում մի շարք այլ պայմանավորվածություններ է ձեռք բերել: Մասնավորապես, հոկտեմբերի 17-ին Երեւանում ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց Իտալիայի պաշտպանության նախարարի հետ: Իսկ հոկտեմբերի 29-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ու Երեւան ժամանած ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի բանակցություններից հետո հայտարարվեց, թե երկու երկրները առաջիկայում համագործակցություն կսկսեն ռազմարդյունաբերության ոլորտում:
XS
SM
MD
LG