Մատչելիության հղումներ

Թուրքիայի «Զրո խնդիրներ հարեւանների հետ»-ը` ձախողված


Եվրախորհրդարանի շենքը Բրյուսելում

Եվրախորհրդարանի շենքը Բրյուսելում

Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնում Թուրքիայի «Զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականության ձախողմանը նվիրված քննարկմանը բանախոսները ոչինչ չասացին Թուրքիա - Հայաստան հարաբերությունների մասին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հայ - թուրքական համաձայնագրերի՞ ձախողման հիմնական պատճառը որն էր, Եվրոպական խորհրդարանի անդամ, լիբերալ-դեմոկրատ Անդրյու Դաֆը պատասխանեց. - «Խոչընդոտներն այստեղ շատ են` սահմանի երկու կողմերում էլ: Երեւանի հետ հարաբերությունները բարելավելու առաջին փորձերը անհաջող ավարտ ունեցան: Թուրքական կողմն այժմ չի կարող իր հնարավորություններից ավելին անել: Եվ, իհարկե, կա նաեւ Ադրբեջանի խնդիրը, որն ամենազգալին է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված է, եւ ոչ ոք չի կարող ասել, թե այս խնդիրը երբ կլուծվի»:

Հարցին` արդյո՞ք հայ - թուրքական հարաբերություններում ցեղասպանության հարցը նույնպես խոչընդոտ չէ, եվրոպացի խորհրդարանականը արձագանքեց. - «Ոչ, միանշանակ ոչ: Դա պատմական հարց է, խնդիր է: Հիմա պետք է մշակութային, հասարակական վերագնահատում լինի Թուրքիայի ներսում, հայերն էլ պետք է ապացուցեն, որ արեւմտյան կողմնորոշում ունեն, լինեն ավելի կառուցողական եւ միջազգային հանրության լիիրավ անդամ դառնան, ինչը դեռ չեմ տեսնում»:

Եվրախորհրդարանի նախկին անդամ, Today’s Zaman օրաթերթի վերլուծաբան Ժուստ Լագենդիկը, սակայն, կարծում է, որ Թուրքիայի կողմից այս մի հարեւանի հետ հարաբերությունների ձախողման պատճառը պատմական է:

«Ամենամեծ խոչընդոտը, կարծում եմ, միանշանակ ցեղասպանության հարցն է: Թեեւ Թուրքիայում օր-օրի այս հարցն ավելի շատ է քննարկվում, այդուամենայնիվ, մնում է ամենազգայուն հարցերից մեկը: Ու թեեւ մոտենում է 2015 թվականը` այդ ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցը, ես Թուրքիայում քաղաքական գործիչների կողմից չեմ տեսնում պատրաստակամություն` հարցը կրկին դնելու քննարկման: Հավանաբար, նրանք կսպասեն մինչ վերջին րոպեն`տեսնելու, թե ինչ է հնարավոր անել», - ասաց Լագենդիկը` շարունակելով. - «Եվ, անկեղծ ասած, ես երկու կողմերում էլ չեմ տեսնում նոր փուլ սկսելու ցանկություն: Թուրքիայում շատ մտավորականներ կցանկանային լուրջ քննարկումներ տեսնել այս հարցով, բայց կառավարության մակարդակով հարցը չի քննարկվում: Որքան գիտեմ` Հայաստանում նույնպես հարցը առանձնապես չի քննարկվում։ Այսպիսով, 2009-ին սկսված գործընթացը անհաջող ավարտ ունեցավ»։

Եվրամիությունը շատ հարցերում շարունակում է լուրջ քննադատության ենթարկել Թուրքիային: Թուրքիայի համար փորձության ժամանակներ են, ասում են փորձագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG