Մատչելիության հղումներ

«Հայաստանը եւ Ամերիկան կպահպանեն ամուր եւ զարգացող հարաբերությունները»


Ռիչարդ Կիրակոսյան, արխիվ
Ռիչարդ Կիրակոսյան, արխիվ

«Հայաստանի համար շատ ավելի կարեւոր է ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունը Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ», - ընդգծում է քաղաքագետը։

Հայաստանը ու Ամերիկան կշարունակեն պահպանել ամուր եւ զարգացող հարաբերությունները: Խոսելով Բարաք Օբամայի` Միացյալ Նահանգների նախագահ վերընտրվելու մասին, այսպիսի գնահատական տվեց Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Ըստ քաղաքագետի` Հայաստանի համար շատ ավելի կարեւոր է ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունը Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ. - «Նախ եւ առաջ, մենք պետք է սպասենք, որ Օբամայի վարչակազմը նոր երկխոսություն սկսի Իրանի հետ, որն ուղղված կլինի Իրանում պատերազմի վտանգի նվազեցմանը, ինչը, իհարկե, ի օգուտ Հայաստանի կլինի: Երկրորդը` մենք պետք է ակնկալենք տեսնել ԱՄՆ - Ռուսաստան հարաբերությունների բարելավման շարունակական փորձը, ինչը նույնպես կօգնի Հայաստանին»:

Ինչ վերաբերում է Հայաստան - Թուրքիա հարաբերություններին, ապա, Կիրակոսյանի կանխատեսումներով, Օբամայի վարչակազմը կշարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի նա կարգավորի հարաբերությունները։ Այնուամենայնիվ, հավելեց քաղաքագետը, «սա անհրաժեշտաբար չի ներառում Ցեղասպանության ճանաչում»:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հնարավորության մասին` Կիրակոսյանը ասաց, որ մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, ամերիկացիներին դժվար կլինի որեւէ ձեռքբերում ունենալ այստեղ: Հաշվի առնելով Սաֆարովի պատմությունը` Ադրբեջանը շարունակում է մնալ խնդրահարույց կողմը: Հայաստանը խաղաղության ճանապարհով գնալու գործընկեր չունի:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչո՞ւ, որոշ դիտարկումների համաձայն, հայաստանցիների համար առավել նախընտրելի թեկնածու էր դեմոկրատ Օբաման, Ռիչարդ Կիրակոսյանը արձագանքեց, որ այստեղ անձերի խնդիրը չէր, այլ` քաղաքականությունների տարբերության: Դեմոկրատները, ըստ նրա, շատ ավելի լայն հնարավորություններ կընձեռեն հայերին, քան` հանրապետականները: Քաղաքագետի խոսքերով` հանրապետականները Ամերիկայում այսօր շատ ավելի լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG