Մատչելիության հղումներ

Օբամայի վերընտրությունից ակնկալիքները Թբիլիսիում եւ Բաքվում


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին եւ ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Նորլանդը ամերիկյան ընտրությունների կապակցությամբ Թբիլիսիում կազմակերպված ընդունելության ժամանակ, 7-ը նոյեմբերի, 2012թ.

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին եւ ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Նորլանդը ամերիկյան ընտրությունների կապակցությամբ Թբիլիսիում կազմակերպված ընդունելության ժամանակ, 7-ը նոյեմբերի, 2012թ.

Իվանիշվիլին խիստ ոգեւորված է Օբամայի հաղթանակից։

Օբամայի վերընտրությունից հետո ինչպե՞ս կզարգանան Միացյալ Նահանգների հարաբերությունները Հայաստանի անմիջական հարեւանների` Վրաստանի եւ Ադրբեջանի հետ: Բաքվում եւ Թբիլիսիում հավատարմագրված ամերիկացի դեսպաններն այս առումով կարծես լավատես են:

Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Նորլանդը չորեքշաբթի օրը վրաց լրագրողների հետ զրույցում նշում էր, որ Բարաք Օբամայի երկրորդ պաշտոնավարման ժամկետի ընթացքում եւս Վրաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հարաբերությունների սերտացումը լինելու է ամերիկյան արտաքին քաղաքականության օրակարգում:

«Մենք այժմ միասնաբար առաջ շարժվելու հնարավորություն ունենք` խորացնելով հարաբերությունները տարբեր ոլորտներում` քաղաքական, տնտեսական, նաեւ միջանձնային շփումները` այս ամենը սկսելով դեկտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի նախարարների հավաքից», - ասել է ամերիկացի դիվանագետը:

Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը ադրբեջանա - ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին իր կանխատեսումներում ավելի զուսպ էր:

«Որեւէ լուրջ փոփոխություն մեր արտաքին քաղաքականության մեջ չենք ակնկալում: Ադրբեջանը կշարունակի շատ կարեւոր երկիր հանդիսանալ Միացյալ Նահանգների համար», - նշում էր Մորնինգսթարը:

Ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչները եւս Օբամայի վերընտրությունից լուրջ փոփոխություններ չեն ակնկալում ոչ ներքին քաղաքականության մեջ եւ ոչ էլ տարածաշրջանային զարգացումներում:

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարն ասում է. - «Անգամ հասկանալով, որ ամերիկացի դեմոկրատները որեւէ փոփոխություն չեն բերի Ադրբեջան, մեր ցանկությունն է, որ Օբաման շարունակի սկսած գործը»:

Մինչեւ վերջերս վրացական ընդդիմությունը ղեկավարած, այժմ արդեն վարչապետի պաշտոնը ստանձնած Բիձինա Իվանիշվիլին, հակառակը, Օբամայի հաղթանակից խիստ ոգեւորված էր:

«Սա դեմոկրատների տարին է: Մեր քաղաքական դաշինքի ամբողջական անունը, հիշեցնեմ, «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» է: Բացի այդ, նայեք մեր երկու քաղաքական ուժերի գույներին` թե՛ մեր դաշինքի եւ թե՛ ամերիկացի դեմոկրատների գույնը կապույտն է: Եվ ես կարծում եմ, որ մենք ի վիճակի կլինենք խորացնել հարաբերությունները մեր լավագույն բարեկամի` Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ», - հայտարարել է Իվանիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG