Մատչելիության հղումներ

logo-print

Բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններ Վրաստանում


Վրաստան -- -- Ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան, Թբիլիսի, 7-ը նոյեմբերի, 2012թ․

Վրաստան -- -- Ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան, Թբիլիսի, 7-ը նոյեմբերի, 2012թ․

Վրաստանում ձերբակալվել են ուժային կառույցների նախկին, ինչպես նաեւ գործող բարձրաստիճան պաշտոնյաներ: Ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան, Վրաստանի Զինված ուժերի միացյալ շտաբի պետ Գեորգի Կալանդաձեն եւ 4-րդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավան:

Նախկին ներքին գործերի նախարար Բաչո Ախալայան երեկ էր վերադարձել Վրաստան, նույն օրը երեկոյան նա հրավիրվել է գլխավոր դատախազություն՝ որպես վկա հարցաքննվելու համար եւ 4 ժամ տեւած հարցաքննությունից հետո ձերբակալվել է ծառայողական դիրքը չարաշահելու կասկածանքով:

Վերջին 7 տարիների ընթացքում, 2005-ից սկսած, Բաչո Ախալայան բարձր պաշտոններ է զբաղեցրել Միխեիլ Սահակաշվիլիի կառավարությունում: Հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ Սահակաշվիլիի կուսակցությունը պարտություն կրեց, Բաչո Ախալայան հեռացել էր Վրաստանից, սակայն նոյեմբերի 5-ին նա հայտարարեց որ վերադարձել է Վրաստան եւ պատրաստ է պատասխանել իր դեմ հնչող բոլոր «աբսուրդ ու հիմար մեղադրանքներին»:

Անցած կեսգիշերին դատախազության մոտ հավաքվել էին լրագրողներ, ինչպես նաեւ Սահակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցության մի շարք անդամներ, այդ թվում պատգամավոր Ակակի Մինաշվիլին: Վերջինս հայտարարել է, թե Ախալայի ձերբակալությունը քաղաքական աստառ ունի:

«Սա նրանց դեմ կշրջվի, որովհետեւ հասարակությունը տեսավ, որ սա քաղաքական հետապնդում է»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավորը:

Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան նախկին ՆԳ նախարարի ու բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունը «քաղաքական հաշվեհարդար» է համարել ու կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրանց: Նրա խոսքերով բոլոր նշանները ակնառու ցույց են տալիս, որ «դատախազությունը օգտագործվում է քաղաքական նպատակներով, ոչ մի հիմնավորում չկա այդ մարդկանց ձերբակալելու համար»:

Նոյեմբերի 7-ին Վրաստանի վաչապետ Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ նրանց ձերբակալությունների իրավական հիմքեր կան եւ իրավապահ մարմինները կշարունակեն օրինականության վերականգնումը երկրում:

Պաշտպանության նախարար Իրաքլի Ալասանիան, ցավալի համարելով միացյալ շտաբի պետի ձերբակալությունը, ասել է թե պետք է հիշել, որ բոլորը անմեղ են՝ քանի դեռ մեղքը հաստատված չէ դատարանում:

Ձերբակալվածները մեղադրվում են ծառայողական լիազորությունները, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Ըստ դատախազության՝ գործի նյութերում, այլ ապացույցների շարքում, կան նաեւ տուժածների ցուցմունքներ:

Նոյեմբերի 7-ի բրիֆինգում գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին ասել է, թե 2011-ի հոկտեմբերին այն ժամանակ ՊՆ նախարար Բաչո Ախալայան, Զինված ուժերի միացյալ շտաբի պետ Կալանդաձեն եւ 4-րդ բրիգադի հրամանատար Շամատավան նախարարի առանձնասենյակում բռնություններ են գործադրել վեց զինծառայողների նկատմամբ՝ վիրավորել են, ծեծի ենթարկել: Գլխավոր դատախազը հայտարարել է, թե տարվող հետաքննության շրջանակներում չի բացառվում , որ պաշտոնատար այլ անձինք եւս պատասխանատվության կանչվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG