Մատչելիության հղումներ

logo-print
ՄԻԱՎ-ով ապրող 5-ամյա երեխան, որը վարակը ստացել է մորից, ստիպված է մոր հետ զբաղվել մուրացկանությամբ: Երեխայի մայրը ոչ մի կերպ չի կարողանում նրան տեղավորել ցերեկային խնամքի որեւէ կենտրոնում, որպեսզի կարողանա աշխատանք գտնել եւ ոչ թե փողոցում երեխայի հետ մուրալով գումար վաստակել:

Մոտ տաս օր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները գտել են երեխային ու քանի օր է արդեն փորձում են լուծել նրա ցերեկային խնամքի ու սննդով ապահովելու խնդիրը, բայց ապարդյուն: Գրասենյակի երեխաների իրավունքների պաշտպան Աիդա Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դիմել են նման խնդիրներով զբաղվող շուրջ 18 կառույցների՝ պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների:

«Ոչ մի կազմակերպություն չի ընդունում երեխային: Իրականում նրանց մի մասը անկեղծ ասում է, որ վարակի պատճառով են մերժում ընդունել, որովհետեւ ունեն ուրիշ երեխաներ եւ չեն ուզում, որ նրանք էլ ռիսկի տակ հայտնվեն, մյուսները պատճառաբանում են, որ գերծանրաբեռնված են», - ասաց Մուրադյանը:

Երեխան ունի նաեւ մտավոր զարգացածության, մաշկային խնդիրներ: Այս պահի դրությամբ երեխան ու մայրը տանն են, մուրացկանությամբ չեն զբաղվում, քանի որ որոշ հասարակական կազմակերպություններ գումար ու սնուդն են տրամադրել նրանց: Իսկ դրանք վերջանալու դեպքում, փաստորեն, ստիպված են լինելու նորից դուրս գալ փողոց: Երեխայի մայրը խուսափում է տեսախցիկից ու ձայնագրիչից: Նա վախենում է, ասում է` եթե երեխայի խնամքով զբաղվող կենտրոնները չեն հասկանում իր խնդիրը, ինչպե՞ս կարող է հույսը դնել մարդկային հանդուրժողականության վրա:

«Եվ բժշկական եւ հոգեբանի, եւ լոգոպետի ծառայություններ են անհրաժեշտ: Երեխան շուտով դպրոցահասակ է դառնում եւ կանգնելու կրթության խնդրի առջեւ: Խնդիրները շղթակայան են: Խնդրի մասին տեղյակ են եւ քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը, եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որը փորձում է ինչ-որ հնարավոր լուծումներ առաջարկել, բայց փաստ է, որ այսօրվա դրությամբ երեխայի հարցը դեռ լուծված չէ», - ասում է Աիդա Մուրադյանը:

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) սոցիալական աշխատողը այսօր այցելել էր մորն ու երեխային. օգնություն են ցուցաբերել սննդի, հագուստի, գումարի տեսքով, հիմա լոգոպետ են փորձում գտնել, ինչպես նաեւ հասկանալ, թե ինչպես բուժել երեխայի մաշկային հիվանդությունը: Ինչ վերաբերում է երեխային ցերեկային կենտրոն տեղափոխելուն, ապա ՀՕՖ-ից հայտնեցին, որ իրենց մոտ հայտնվում են այն երեխաները, որոնցից հրաժարվել են ծնողները, իսկ սա այդ դեպքը չէ:

«Օրրան» երեխայի ցերեկային խնամքի կենտրոն դիմեցինք` հասկանալու, թե ինչպե՞ս կարելի է ի վերջո պաշտպանել երեխայի ապրելու իրավունքը: Կենտրոնից նախեւառաջ հայտնեցին, որ իրենք 6 տարեկանից բարձր երեխաների խնամքով են միայն զբաղվում: Հարցին` եթե երեխան մեկ տարի փողոցում գոյատեւելուց հետո դառնա 6 տարեկան, «Օրրանը» պատրա՞ստ է ընդունել նրան, հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սուսաննա Մանուկյանն պատասխանեց. - «Անկեղծ լինեմ, ես մտածում եմ, որ այստեղ կա հարյուր երեխա, եւ նրանք ռիսկային խմբում գտնվող երեխաներ են, չեմ կարող ասել, որ այստեղ կռիվներ ու հրմշտոց երեխաների միջեւ չի լինում, խաղում են, ոտք, ձեռք, դեմք են վնասում: Ես` որպես կազմակերպության աշխատակից, պիտի մտավախություն ունենամ այն հարյուր երեխայի համար, բայց ես նաեւ հասկանում եմ, որ այդ երեխան ոչ մի մեղք չունի»:

Սեփական կամքից անկախ ՄԻԱՎ-ով վարակված երեխան փաստորեն դարձել է վտարանդի: Հաշվի առնելով, որ խտրական այս մոտեցումը, երեխային անօգնական թողնելը ոչ միայն հակամարդկային է, այլ նաեւ հակաիրավական, «Օրրանում» խոստացան մտածել, թե ինչպես կարող են երեխային օգնություն ցուցաբերել:

Երեւանի քաղաքապետարանը այսօր չպատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, խոստացան պաշտոնական գրությամբ պատասխանել մեր հարցերին 5 աշխատանքային օրվա ընթացքում:
XS
SM
MD
LG