Մատչելիության հղումներ

Հեֆերն․ Հայ-ամերիկյան հարաբերություններում մեծ տեղ կգրավեն տնտեսական հարցերը


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն
Նախագահ Օբամայի պաշտոնավարման երկրորդ ժամկետում Միացյալ Նահանգները շարունակելու է մեծ ուշադրություն դարձնել Հայաստանի հետ հարաբերություններին եւ ընդհանրապես` հարավկովկասյան ուղղությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

Դեսպանը հավելեց, թե Բարաք Օբամայի պաշտոնավարման երկրորդ ժամկետում հայ-ամերիկյան հարաբերություններում մեծ տեղ են գրավելու հատկապես տնտեսական հարցերը:

«Օբամայի վարչակազմը եւ պետքարտուղար Քլինթոնը, ով հավանաբար կլքի պետքարտուղարի պաշտոնը, մեծ ուշադրություն են դարձրել Հայաստանին ու ընդհանրապես` Հարավային Կովկասին: Իր պաշտոնավարման ընթացքում պետքարտուղար Քլինթոնը երկու անգամ ժամանեց Երեւան, մինչդեռ նախորդ տասնութ տարիներին ոչ մի պետքարտուղար չէր եկել Հայաստան», - նշեց Ջոն Հեֆերնը, - «Նախագահ Օբաման լրջորեն ներգրավված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարվող գործընթացում` Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի երկու նախագահների հետ միասին: Կարծում եմ, նրա պաշտոնավարման երկրորդ շրջանում այս ամենը կշարունակվի»:

Դեսպանը շարունակեց, թե առաջիկայում հայ-ամերիկյան հարաբերություններում նորություններ կարող են սպասվել տնտեսական ուղղությամբ․ - «Այնտեղ, որտեղ հույս ունեմ, որ փոփոխություններ կարող են լինել եւ կուզենայի փոփոխություններ տեսնել, դա տնտեսական փոխգործակցությունն է: Աշխատատեղերի ստեղծումը Միացյալ Նահանգներում եւ Հայաստանում շատ կարեւոր են երկու երկրների համար էլ: Փորձելու եմ անել ամեն ինչ Միացյալ Նահանգներից ավելի շատ ներդրումներ, հայ-ամերիկյան առեւտրի ավելի մեծ ծավալներ ապահովելու համար: Հայաստանի գործարար միջավայրի բարելավումը, հարկային, մաքսային վարչարարության բարելավումը, անկախ դատական համակարգի կայացումը եւ ազատ տնտեսական մրցակցության ապահովումը կօգնեն, որպեսզի կարողանանք ավելի շատ ամերիկյան ներդրումներ ապահովել եւ կօգնեն ընդլայնել հայ-ամերիկյան առեւտուրը: Կարծում եմ, Օբամայի պաշտոնավարման երկրորդ ժամկետում մեր երկու երկրների հարաբերություններում հիմնական փոփոխությունը կառնչվի աշխատատեղերի ստեղծմանը, երկկողմ առեւտրին ու ներդրումների ապահովմանը»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Բարաք Օբամայի պաշտոնավարման երկրորդ շրջանում նոր նախաձեռնություններ լինեն Վաշինգտոնի կողմից` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, դեսպան Հեֆերնը, մասնավորապես, ասաց. - «Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը եւ կիրառումը մեր գերակա խնդիրներից են եղել դրանց ստորագրումից ի վեր` 2009 թվականից: Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ բոլոր հանդիպումներում նախագահ Բարաք Օբաման այդ հարցը բարձրացրել է: Պետքարտուղար Քլինթոնը [Թուրքիայի] արտգործնախարար Դավութօղլուի հետ բոլոր հանդիպումներում առաջ է քաշել այդ հարցը, եւ երբ Քլինթոնը այստեղ էր այս հունիսին, շատ հստակ ասաց, որ այժմ գնդակը Թուրքիայի խաղադաշտում է: Չնայած առաջընթացի բացակայությունը հուսախաբ է անում Միացյալ Նահանգներին, սակայն այս ուղղությամբ մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել: Մենք գովեստով ենք արտահայտվում երկու երկրների նախագահների խիզախության վերաբերյալ` փաստաթղթերը ստորագրելու համար, չնայած երկու երկրներում հնչած քննադատություններին։ Ողջունում ենք նաեւ, որ նախագահ Սարգսյանը շարունակում է արձանագրությունները պահել օրակարգում: Կարծում եմ նախագահ Օբամայի պաշտոնավարման երկրորդ շրջանում քաղաքականությունն այնպիսին կլինի, որ բոլոր հնարավոր առիթներով կփորձենք առաջ տանել արձանագրությունների հետ կապված գործընթացը»:

Երեք հանգամանք

Անդրադառնալով Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրություններին` Ջոն Հեֆերնը նշեց․ - «Ամերիկյան ընտրությունների հետ կապված ուշագրավ երեք հանգամանք եմ ցանկանում առանձնացնել: Առաջինը՝ մրցակցությունն է. կար իրական մրցակցություն երկու շատ ուժեղ քաղաքական գործիչների միջեւ, եւ ցանկացած հասուն ժողովրդավարության համար սա շատ կարեւոր է: Երկրորդ` կար գաղափարների, տեսլականների մրցակցություն. Այն, թե ինչպես էին տեսնում Միացյալ Նահանգների ապագան թեկնածուները, միմյանցից շատ էր տարբերվում: Եվ ահա հենց այսպիսին պետք է լինի քաղաքականությունը` գաղափարներ, տեսլականներ, ուղղություններ պետք է լինեն ժողովուրդների ու երկրների համար: Եվ երրորդ՝ որպեսզի նման մրցակցություն լինի, անհրաժեշտ են ազատ լրատվամիջոցներ: Սա շատ կարեւոր է, եւ գալիք փետրվարին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ, ես իմ ուշադրությունը կենտրոնացնելու եմ նշված երեք կետերի ուղղությամբ»:

Հեֆերնը նաեւ հավելեց, թե նախագահ Սերժ Սարգսյանի, իշխող Հանրապետական կուսակցության եւ ի վերջո` Հայաստանի համար լավ կլինի, եթե 2013-ի նախագահական ընտրություններում հանդես գան մի քանի ուժեղ թեկնածուներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG