Մատչելիության հղումներ

Փոթիի գործադուլը ազդել է հայաստանյան բեռնափոխադրողների վրա


«Մեզ համար շատ կենսական է, որ վրացական նավահանգիստների գործունեությունը չխաթարվի, որովհետեւ դա բերում է բեռների կուտակման, տրանզիտային ժամանակի բարդացման», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության ղեկավար, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ - «Քանի որ գործադուլը դեռեւս անորոշ [ժամկետով է] եւ նավահանգստի սեփականատերը կարծեք թե չի գնում զիջումների, ծովային ընկերությունները որոշում են կայացրել ժամանակավորապես նավերը մշակել, դատարկել Բաթումի նավահանգստում»։

Նավերը Բաթումիում դատարկելը հանգեցրել է սակագների որոշակի թանկացման։

«Եթե հատուկ երկաթգծային արագընթաց գնացքի տարիֆը չկիրառեն նաեւ Բաթումիի վրա, ներկրման դեպքում երկաթգծով փոխադրումները կթանկանան մոտ 450-500 դոլար, ավտոմեքենայով փոխադրման դեպքում՝ 200 դոլար։ Արտահանման դեպքում ինչ կնստի այս ծախսը՝ մենք ընդամենը երեկ ենք ստացել, դեռ չենք էլ հասցրել մշակել եւ հաճախորդներին հայտնել։ Ուղղակի արտահանման բեռներ ունեցող հաճախորդներին հայտնել ենք, որ մի քանի օր ձեւակերպումներ չանեն, մինչեւ կողմնորոշվենք վերջին հաշվով որ նավահանգիստն է գործելու եւ ինչ տարիֆային քաղաքականություն կկարողանանք կիրառել», - նշեց Արսեն Ղազարյանը։

«Ապավեն» ընկերության ղեկավարի կարծիքով Փոթիի նավահանգստի հարցը մեկ-երկու օրում կլուծվի։

«Ինքը՝ նավահանգիստը, Վրաստանի համար շատ կենսական է, եւ մեր տեղեկություններով վրացական իշխանությունները երեկվանից ինտենսիվ բանակցություններին մասնակցում են, որպեսզի մասնակի թե լիարժեք բավարարումով կարողանան վերականգնել ռազմավարական նշանակությամբ օբյեկտի անխափան աշխատանքը», - հավելեց Արսեն Ղազարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG