Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքական ուժերը մեծ կարեւորություն են տալիս ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին` համարելով, որ այդ իրադարձությունն էական է ոչ միայն բուն Միացյալ Նահանգների, այլեւ աշխարհի ու տարածաշրջանի համար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մասնավորապես, նշում է, թե այս ընտրությամբ կպահպանվի ու առավել կբարելավվի հայ-ամերիկյան համագործակցությունը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համարում է, որ ԱՄՆ-ի գործող նախագահի վերընտրությամբ տարածաշրջանում կպահպանվի Վաշինգտոնի քաղաքականության շարունակականությունը:

Սակայն Շարմազանովի եւ Զուրաբյանի գնահատականները տարբերվում են մեկ այլ հարցի առնչությամբ: Արդյոք հանգամանքը, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներն այս ընտրություններից առաջ խուսափեցին հայ համայնքի հետ նախընտրական հանդիպումներից, հայկական գործոնի հանդեպ անտարբերությա՞ն արդյունք էր. այս հարցին Շարմազանովը պատասխանում է. - «Ես չեմ կարծում, որ անտարբերություն է եղել: Մանավանդ եթե խոսում ենք պարոն Օբամայի մասին, ապա ԱՄՆ-ի նախագահն այն եզակի դեմքերից է ամերիկյան պատմության մեջ, որն ապրիլի 24-ի իր ուղերձում օգտագործել է Մեծ եղեռն եզրույթը: Չգիտես ինչու դա ամբողջությամբ չողջունվեց»:

Լեւոն Զուրաբյանի պնդմամբ, մինչդեռ, դրանում մեղավոր է հենց Հայաստանի իշխանությունը: Ըստ նրա` մտնելով հայ թուրքական հաշտեցման գործընթացի մեջ, այդ ընթացքում կասկածի տակ առնելով հայոց ցեղասպանության վավերականությունը, Երեւանը Վաշինգտոնին հնարավորություն տվեց ազատվել իր համար մեծ հոգսի վերածված այդ խնդրից:

«Այդ հարցն այլեւս գոյություն չունի: ԱՄՆ-ի ներքին դեբատների օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման հարց այլեւս գոյություն չունի, որովհետեւ ինքը` Հայաստանը, համաձայնվել է այդ հարցը հարցականի տակ դնել», - ասաց Զուրաբյանը:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանի դիտարկմամբ` այն, որ հայ համայնքի հետ այս անգամ հանդիպումներ չեղան, դա նաեւ համայնքի կեցվածքի արդյունքն էր, քանի որ տարիներով տրված խոստումները միեւնույն է չէին կատարվում:

«Ես կարծում եմ, որ մեր հայրենակիցները իրենք էլ բավականին դժվարին վիճակում էին, որովհետեւ տարիներ շարունակ շատ տխուր է հանդիպել, ստանալ խոստումներ, հետո կանգնել չիրականացված խոստումների առջեւ: Այդ պատճառով ԱՄՆ-ի հայությունը հավանաբար չցանկացավ որպես գործոն այս անգամ երեւալ», - ասաց Սաֆարյանը:

Հայ-ամերիկյան հարաբերությունները գնահատելիս, ըստ ՀՀԿ խոսնակի, պետք չէ երեւույթները ներկայացնել ծայրահեղությունների դիրքերից:

«Սեւ ու սպիտակ գույներով չպետք է ներկայացնել: Այնուամենայնիվ, այս տարիների ընթացքում Օբամայի վարչակարգը բավականին լուրջ քայլեր է կատարել թե հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, թե Լեռնային Ղարաբաղի` որպես համանախագահ երկիր: Ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում մենք Օբամայի վարչակարգի կառավարման շրջանում ունենք բավականին դրական դինամիկա հայ-ամերիկյան հարաբերություններում», - ասաց Շարմազանովը:

Լեւոն Զուրաբյանը Լեռնային Ղարաբաղի կարգավորման եւ հայ-թուրքական հաշտեցման հարցերում ԱՄՆ-ի ներգրավվածության առումով որեւէ փոփոխություն չի ակնկալում:

«Չեմ կարծում` որեւէ փոփոխություն լինի: Այլ բան է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հիմա լիակատար ձախողման վիճակում է գտնվում, չգիտեմ, վերակենդանացնել հնարավոր է, թե` ոչ, որովհետեւ հիմնական նպատակներին հասել են: Այն, ինչ պետք էր Թուրքիային, ԱՄՆ-ին, նրանք ստացել են, չի ստացել իր փայը Հայաստանը: Բայց Հայաստանի կարծիքը այսօր շատ քիչ մարդիկ են լսում», - ասաց նա:
XS
SM
MD
LG