Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը ՄԱԿ-ում խոսել է պաշտոնական Բաքվի հայատյացության մասին


Դեռեւս չեն սպիացել Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը, եւ այդ երկիրը շարունակում է պետական մակարդակով քարոզել ատելություն հայերի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը` երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի շրջանակներում ելույթ ունենալով օրակարգի «Ռասիզմի, ռասայական խտրականության ու անհանդուրժողականության այլ ձեւերի վերացում» կետով։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, դեսպանը նիստին մասնակցող ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությանն է հանձնել պաշտոնական Բաքվի հայատյացության փաստերը` նշելով, որ այս առթիվ ահազանգում է ողջ միջազգային հանրությունը, մասնավորապես, ռասիզմի դեմ պայքար մղող միջկառավարական կառույցները:

Նազարյանի ելույթի առանցքային թեման էր մարդասպան Ռամիլի Սաֆարովին ներում շնորհելը, ինչը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հումանիտար նպատակներին, այլեւ մարտահրավեր է նետում մարդու իրավունքների ողջ համակարգին:

Դեսպանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանի ներումն անպատժելիության սարսափելի օրինակ է, էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն, ինչը հետեւանք է Ադրբեջանում տասնամյակներ իրականացվող այլատյացության եւ ռասիստական քաղաքականության: Նա ավելացրել է, որ Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է «հանդուրժողականություն ցուցաբերելու, որպես բարի դրացիներ խաղաղության մեջ համատեղ ապրելու» ՄԱԿ-ի նպատակը եւ դրանով իսկ խափանում է վստահության մթնոլորտի ձեւավորման գործընթացը տարածաշրջանում:

Կարեն Նազարյանը կոչ է արել ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը` շարունակել բողոքի ձայն բարձրացնել ընդդեմ այս աններելի վարքագծի, որը, անարգելով մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, վտանգում է նաեւ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG