Մատչելիության հղումներ

logo-print

Նոյեմբերի 7-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սատարի Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, ապա սա իսկապես կարող է լինել ՀԱԿ-ԲՀԿ տանդեմի համար ամենահաղթական տարբերակներից մեկը։ Բայց այստեղ, անկասկած, մեծ նշանակություն ունի Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը, որովհետեւ եթե Քոչարյանը հրաժարվի այդ կոմբինացիային մասնակցելուց եւ ԲՀԿ տակից դուրս բերի ներիշխանական դեռեւս իրեն հավատարիմ ռեսուրսի լոյալությունը, ապա ՀԱԿ-ԲՀԿ տանդեմը կվերածվի ընկերովի մահվան տարբերակի։ Հայ ազգային կոնգրեսը հենց սրա համար է Ռոբերտ Քոչարյանին առաջարկում կապիտալի, ունեցվածքի պաշտպանություն` հայտարարելով, որ Սերժ Սարգսյանն ուզում է խլել այդ ունեցվածքը, իսկ իրենք ուզում են այնպիսի կանոններ հաստատել, որ խլող չլինի»։

«Ժողովուրդ»-ը գրում է. - «Ի սկզբանե որպես մեկ անձի կուսակցություն ընկալվող այդ քաղաքական ուժը նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ համալրվեց քաղաքական դեմքերով` այդպիսով շահեկանորեն փոխելով իր դիմագիծն ու լուրջ քաղաքական գործունեության հայտ ներկայացնելով: Սակայն այդ հայտը շատ արագ սպառվեց, քանի որ կառավարության ծրագրի, բյուջեի եւ մի քանի օրենսդրական նախաձեռնությունների պաթետիկ քննադատություններից այն կողմ անցած հինգ ամիսների ընթացքում ԲՀԿ-ն այդպես էլ չանցավ. եւ ինչպես խորհրդարանական ընտրություններից հետո, այնպես էլ նախագահական ընտրությունների նախաշեմին գրեթե նույն հավանականությամբ քաղաքական կուլիսներում քննարկվում է ԲՀԿ-ի` Սերժ Սարգսյանին սատարելու հարցը: Եվ ինչպես կոալիցիա չմտնելու որոշումը կայացվեց առանց կուսակցական ղեկավարության իրական մասնակցության (այն ժամանակ դա սառը ցնցուղի պես էր եղել, մասնավորապես, ԲՀԿ-ական նախարարների համար, որոնց այդպես էլ որեւէ բացատրություն չր ներկայացվել), այնպես էլ, հավանաբար, կլինի նաեւ այս անգամ` նախագահի թեկնածուի հարցում»:

«Հայոց աշխարհ»-ի հարցին, թե գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն աչք ունի վարչապետի պաշտոնի վրա, դա կարո՞ղ է լինել այն գինը, որը ՀՀԿ-ն պատրաստ է վճարել իր թեկնածուին սատարելու դիմաց, հանրապետական Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանել է. - «Ընդհանրապես նորմալ է, երբ ծանրակշիռ քվե՝ 30 տոկոս ստացած քաղաքական ուժը հավակնում է որոշակի բարձր պաշտոնների։ Բայց նաեւ պետք է իրատես լինել։ Եթե որեւէ կուսակցություն մեծամասնություն ունի խորհրդարանում, բնականաբար՝ այդ կուսակցությունն էլ ձեւավորում է կառավարությունը։ Վարչապետի պաշտոնը վստահել այլ քաղաքական ուժի՝ նշանակում է կիսել իշխանությունը, իսկ երկիշխանությունը, հատկապես մեր պայմաններում, որեւէ լավ բանի չի հանգեցնի»:

«Առավոտ»-ը գրում է. - «Վերջերս Կամերունի նախագահ Պոլ Բիյան նշեց իր պաշտոնավարության 30-ամյակը: Աշխարհում կան իրենց գահից կառչած ավելի «հին» բռնապետներ՝ Տեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգո (Հասարակածային Գվինեա՝ նախագահ է 79-ի օգոստոսից), Ժոզե Էդուարդու դու Սանտուշ (Անգոլա, 79-ի սեպտեմբերից): Այդ ռեկորդակիրներին մոտենում է նաեւ Ռոբերտ Մուգաբեն (Զիմբաբվե, իշխում է 87-ից): Հիմա դառնանք մեր «եվրասիական ախպերությանը», որտեղ ապրում են պոտենցիալ «ռեկորդակիրներ»: Պուտինը Ռուսաստանի նախագահ է 1999-ի դեկտեմբերի 31-ից, երբ Ելցինի հրաժարականից հետո կատարում էր երկրի ղեկավարի պարտականությունները: Այդ 13 տարում կար ձեւական «ընդմիջում», երբ իբր նախագահ էր Մեդվեդեւը, բայց դա, իմ կարծիքով, «հաշիվ չի»: Լուկաշենկոն ղեկավարում է Բելառուսը 1994 թվականից, Նազարբաեւը ղազախական գահին է նստել 1990 թվականին: Ահա թե ինչպիսի ռեժիմների հետ է մեզ առաջարկվում նոր «սովետմիություն» ստեղծել: Ի դեպ, դրա դեմ չի առարկում ներկայիս հիմնական քաղաքական ուժերից ոչ մեկը. իշխանություն ունենալով կամ իշխանության հավակնելով` նրանք պարտադրված են հաճոյանալ Կրեմլին, որն այս պահին տարված է «եվրասիական» ծրագրերով»:

«Հրապարակ»-ը «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանին հարցնում է` կարո՞ղ է «Ազատ դեմոկրատները» դառնա Արեւմուտքի համար հուսալի քաղաքական ուժ: Պատասխան. - «Մենք միշտ դեմ ենք եղել, որ գործի որեւէ քաղաքական ուժ, որը դրսից հովանավորվի, բայց, բնականաբար, որպես հայաստանյան քաղաքական գործիչներ ու հայաստանյան քաղաքական մաքուր ուժ, մենք բացառապես հետապնդել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքական շահերը, ու կարծում եմ՝ դրանում կհամոզվի նաեւ հասարակությունը: Ու կարծում եմ, որ շատ լավ կլինի, որ ՀՀ քաղաքացու միջից այդ ծառայամտությունը դուրս գա: Ես ցավում եմ, որ այն կարծիքը կա, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չէ ինքնուրույն, ինքնաբավ իր խնդիրները լուծել: Մեզ մոտ խարխլված են պետական հիմքերը, դա փաստ է: Մենք ամեն ինչ անում ենք, որ երկիրը պետություն դարձնենք, առաջնորդվենք պետություն մտածողությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG