Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախումբը շնորհավորում է Օբամային


Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել Միացյալ Նահանգների նախագահի եւ Կոնգրեսի ընտրությունների կապակցությամբ` շնորհավորելով վերընտրված նախագահ Բարաք Օբամային։

«Մենք շնորհավորում ենք նախագահ Օբամային հաղթանակի առթիվ, ողջունում նահանգապետ Ռոմնիին լավ անցկացրած ընտրարշավի կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնում ամերիկահայ ընտրողներին, որոնք այսօր աննախադեպ ակտիվությամբ գնացին ընտրատեղամասեր` աջակցելու դաշնային, նահանգային եւ տեղական թեկնածուներին, որոնք սատարում են մեր համայնքի համար հատուկ կարեւորություն ներկայացնող հարցերը», - հայտարարել է, մասնավորապես, Խաչիկյանը` ակնկալելով համագործակցություն Օբամայի վարչակազմի եւ նոր գումարման Կոնգրեսի հետ` հայ համայնքի համար առաջնահերթություն ներկայացնող մի շարք խնդիրներում։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի տարածած հայտարարությունում Քեն Խաչիկյանը նաեւ գոհունակություն է հայտնում այն կապակցությամբ, որ Կոնգրեսի ընտրություններում հաղթել են մեծ թվով հայամետ գործիչներ, այդ թվում` սենատոր Ռոբերտ Մենենդեսը, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Էրիկ Քանթորը, Պալատի անդամներ Ադամ Շիֆը, Էդ Ռոյսը, Ֆրենկ Փալոնը եւ այլք։

Շաբաթներ առաջ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել էր, որ ամերիկահայերը նախագահական ընտրություններում պաշտոնապես չեն սատարելու ո՛չ Բարաք Օբամային, ո՛չ Միթ Ռոմնիին, քանի որ գործող նախագահը դրժել է ամերիկահայությանը հուզող խնդիրների վերաբերյալ իր բազմիցս տված խոստումները, իսկ հանրապետական թեկնածուն հայ համայնքի համար կարեւորություն ունեցող հարցերում չի արտահայտում հստակ հրապարակային դիրքորոշում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG