Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման վերընտրվեց Միացյալ Նահանգների նախագահ


ԱՄՆ - Բարաք Օբաման ընտանիքի հետ տոնում է հաղթանակը նախագահական ընտրություններում, Չիկագո, 6-ը նոյեմբերի, 2012թ.

ԱՄՆ - Բարաք Օբաման ընտանիքի հետ տոնում է հաղթանակը նախագահական ընտրություններում, Չիկագո, 6-ը նոյեմբերի, 2012թ.

Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգներում անցկացված նախագահական ընտրությունների նախնական տվյալներով` գործող նախագահ, Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբաման առավելության հասավ իր հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի նկատմամբ։

Արդեն իսկ հայտնի է, որ Օբաման ստացել է առնվազն 303 ընտրիչների քվեն` պահանջվող 270-ի փոխարեն։

Համոզվելով, որ քվեարկության արդյունքերը հաղթական են, Բարաք Օբաման երկու դստրերի եւ կնոջ ուղեկցությամբ դուրս եկավ ողջունելու իր հայրենի Չիկագոյում հավաքված հազարավոր համախոհներին։

«Այսօր այս ընտրությունների արդյունքներով ամերիկացի ժողովուրդը հիշեցրեց մեզ, թե որքան դժվար ու երկար էր մեր անցած ճանապարհը։ Իսկ այդ ճանապարհը մենք ենք ընտրել, մենք պայքարել ենք դրա համար։ Մեր սրտի խորքում մենք գիտենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար լավագույնը դեռ առջեւում է», - հայտարարեց Օբաման։

«Մրցապայքարը լարված էր, քանի որ երկուսս էլ սիրում ենք մեր հայրենիքը», - հայտարարեց Սպիտակ տան վերընտրված ղեկավարը՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Միթ Ռոմնիի հետ։ Դեմոկրատ Օբաման ակնկալում է առաջիկայում հանդիպել իր հանրապետական մրցակցի հետ՝ քննարկելու, թե ինչպես կարող են համադրել ջանքերը երկիրն առաջ տանելու համար։

Ռոմնին ընդունում է պարտությունը։ Բոսթոնում հավաքված իր ընտրողներին նա շնորհակալություն հայտնեց իրեն վստահած քվեների համար։

«Ես զանգահարեցի նախագահ Օբամային ու շնորհավորեցի հաղթանակի կապակցությամբ։ Նրա համախոհներն ու թիմը եւս շնորհավորանքներ են վաստակել։ Ես լավագույնն եմ մաղթում նրանց, հատկապես նախագահին, առաջին տիկնոջն ու նրանց աղջիկներին։ Սա մեծ մարտահրավերների ժամանակաշրջան է Միացյալ Նահանգների համար, ես աղոթում եմ, որ նախագահը հաջողակ լինի մեր ժողովրդին առաջնորդելու գործում», - հայտարարեց Միթ Ռոմնին։

Թեեւ Ֆլորիդայում քվեների հաշվարկը շարունակվում է, այդուհանդերձ, արդեն հստակ է՝ Ամերիկայի 44-րդ առաջնորդը վստահ հաղթանակ է տանում. անհրաժեշտ 270-ի փոխարեն Oբաման ունի առնվազն 303 ընտրիչների քվեն, նա հայտարարում է, որ Սպիտակ տուն է վերադառնում ավելի վճռական ու ոգեշնչված, քան երբեւէ։ Օբաման շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր ծայրերից, լրատվամիջոցները նույնիսկ հասցրել են Աֆրիկայում զրուցել սեւամորթ նախագահի տատի՝ քենիացի Սառա Օբամայի հետ։

«Սիրտս կոտրված չէր, լիարժեք վստահություն ու հավատ կար, որ նա ընտրվելու է», - ասել է Սառա Օբաման։

Ամերիկայի հայ համայնքը, որը պաշտոնապես չէր սատարում երկու թեկնածուներին՝ պնդելով, թե նրանք չեն վաստակել համայնքի աջակցությունը, այդուհանդերձ, այսօր շնորհավորել է վերընտրված նախագահին։ Միեւնույն ժամանակ Հայ դատի հանձնախումբը ուշադրություն է հրավիրում, որ այս նույն քվեարկությամբ ձեւավորված Կոնգրեսում մեծաթիվ հայամետ գործիչներ ներկայացված կլինեն: Ինչպես փոխանցեց հանձնախմբի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը, թվային պատկերը բավական տպավորիչ է:

«Ամերիկայի հայ դատի հանձնախումբը 140-ից ավելի թեկնածուների էր զորակցել այս ընտրապայքարում, եւ կարող ենք ասել, որ մեր զորակցած թեկնածուների 85 տոկոսից ավելին արդեն վերընտրված են կամ նոր աթոռ են ստանձնել Ներկայացուցիչների պալատում», - ասաց Չուլջյանը:

Հանձնախումբը շնորհակալություն է հայտնում ամերիկահայ ընտրողներին, ովքեր աննախադեպ ակտիվությամբ են գնացել ընտրատեղամասեր` աջակցելու դաշնային, նահանգային եւ տեղական թեկնածուներին, որոնք սատարում են համայնքի համար հատուկ կարեւորություն ներկայացնող հարցերը: Չուլջյանն ասում է՝ թեեւ որոշ նահանգներում էլ հայամետ մի քանի գործիչների չհաջողվեց ընտրողների վստահությունն ստանալ, այդուհանդերձ, նոր գումարման Կոնգրեսի հետ համայնքը համագործակցության ավելի լայն եզրեր է տեսնում:
XS
SM
MD
LG