Մատչելիության հղումներ

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Վահե Ավետյանի մահվան գործով դատավարությունը։

Այսօր տուժող Արտակ Բայադյանին հարցեր ուղղեցին ամբաստանյալների պաշտպանները։ Վերջիններս, մասնավորապես, հարցնում էին, թե նախքան Վահե Ավետյանին եւ մյուս 4 տուժողներին ծեծի ենթարկելը ի՞նչ էր տեղի ունենում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, որ մոտեցել են Վահե Ավետյանի եւ այս գործով մյուս տուժողների սեղաններին՝ հայհոյանքները դադարեցնելու պահանջով:

Արտակ Բայադյանը ամբաստանյալների պաշտպանների հարցին ի պատասխան հայտարարեց, որ իրենց պահվածքի վերաբերյալ «սուտ խոսք» է եղել․ - «Որեւէ նախնական լարվածություն չի եղել»։

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության, ի թիվս այլ ամբաստանյալների, Գարիկ Մարգարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում շրջելու ժամանակ նկատել է, որ ավտոկայանատեղիում հինգ անծանոթ երիտասարդներ հրում եւ հայհոյում են ռեստորանի մատուցող Ալիկին: Մեղադրական եզրակացության մեջ, սակայն, նշված է, որ ի թիվս այլ մեղադրյալների, Գարիկ Մարգարյանի՝ մեջբերված ցուցմունքը «անհիմն է, մտացածին», եւ ինչպես նշված է մեղադրականում՝ «նրանք այդ կերպ փորձում են խուսափել քրեական պատասխանատվությունից»:

Վահե Ավետյանի մահվան գործով հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 9-ին։
XS
SM
MD
LG