Մատչելիության հղումներ

Թիվ 1 ընտրատարածքում սկսվել է քարոզարշավը


Թիվ 1 ընտրատարածքում սկսվել է քարոզարշավը
please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00
Երեւանի Ավան համայնքն եւ Նոր Նորքի մի մասն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքն արդեն իսկ աչքի է ընկնում իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուի գովազդային պաստառների եւ ենթաշտաբերի առատությամբ:

Դեկտեմբերի 2-ին կայանալիք պատգամավորի լրացուցիչ ընտրություններում Հանրապետականի կողմից առաջադրված Ռոբերտ Սարգսյանին պատկերող պաստառները գովազդային մեծ վահանակների վրա հաջորդում են մեկը մյուսին Նոր Նորք եւ Ավան տանող գլխավոր պողոտայից սկսած` ի տարբերություն նրա երեք մրցակիցների, որոնց մասին հիշեցնող նույնիսկ փակցված որեւէ նկար այսօր չտեսանք:

Սարգսյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում բարձր պաշտոն է զբաղեցնում, Երեւանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալն է: Նրա նախընտրական ենթաշտաբերն էլ են ամենուր: Մրցակիցների հաշվարկներով դրանց թիվն անցնում է վեց տասնյակից: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին այդ ենթաշտաբերը կամ փակ էին, կամ ներսում կային ինչ-որ մարդիկ, որոնք ասում էին, որ դեռ չգիտեին իրենց հետագա անելիքը: Չնայած գովազդային նման արշավին, իշխող թեկնածուի թիմը կարծես աչքի չի ընկնում լրագրողների հետ շփման ցանկությամբ: Ռոբերտ Սարգսյանը հեռախոսազանգերին չի պատասխանում, այսօր երեք անգամ այցելեցինք նրա կենտրոնական շտաբ, որը տեղակայված է «Խութ» բարեգործական հիմնադրամի շենքի առաջին հարկում, բայց թեկնածուի հետ որեւէ շփում հաստատել չհաջողվեց: Երեք անգամ էլ ներսում գտնվողները պատասխանեցին, որ տեղյակ չեն, թե թեկնածուն որտեղ է եւ երբ կվերադառնա, չգիտեն, թե ով է համակարգում Ռոբերտ Սարգսյանի նախընտրական շտաբը: Մերժվեց նաեւ ընտրատարածքի բնակիչների հետ Ռոբերտ Սարգսյանին նախընտրական հանդիպումների գրաֆիկը տրամադրելու խնդրանքը: Գործավարուհին փոխանցեց, որ չունի որեւէ տեղեկություն նրա նախընտրական հանդիպումների մասին:

Ստյոպա Սաֆարյանը ահազանգում է վարչական ռեսուրսի օգտագործման մասին

Ի տարբերություն իշխող կուսակցության թեկնածուի` նրա մրցակիցներն ավելի բաց են աշխատում բնակիչների եւ լրատվամիջոցների հետ: Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության թեկնածու, կուսակցության խորհրդարանական խմբակցության նախկին ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր փոքր հանրահավաքով ազդարարեց իր քարոզարշավի մեկնարկը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ հաղթելու սպասելիքներ ունի, չնայած իշխող կուսակցության թիմի կողմից դպրոցներում ու մանկապարտեզներում վարչական ռեսուրսների օգտագործման մասին արդեն ստացվող ահազանգերին:

«Ծնողական ժողովներ, որոնք ուղեկցվում են բաց քարոզչությամբ հօգուտ թեկնածուի, ծնողական ժողովներ, որտեղ ծնողներին ասում են` կգաք անձնագրերով, եւ դրանց սերիաները հավաքում են: Կան բնակիչներ, որոնք նույնիսկ մինչեւ առաջադրումներն արդեն իսկ հայտնում էին, որ մրցակից թեկնածուի կողմնակիցները մտնում են իրենց բնակարաններ եւ քարոզչություն են իրականացնում», - նշեց թեկնածուն:

Սաֆարյանը այս ընտրատարածքում արդեն երկրորդ անգամ է մասնակցում ընտրապայքարին: Մայիսին կայացած համապետական ընտրություններում նա երկրորդ տեղն էր գրավել` հաղթած թեկնածու Ռուբեն Հայրապետյանից մոտ 10 հազար քվե պակաս հավաքելով: Սաֆարյանը համոզված է, որ այդ առավելությունը իշխող կուսակցության թեկնածուն ստացել էր ուռճացված ընտրացուցակների հաշվին:

Ընտրողների հետ Ստյոպա Սաֆարյանի այսօրվա հանդիպմանը մասնակցում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք չի զղջո՞ւմ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում «Ժառանգության» համամասնական ցուցակի անցողիկ տեղերում Ստյոպա Սաֆարյանի եւ նախկին խմբակցության մի շարք այլ պատգամավորների փոխարեն «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչների ընդգրկելու համար, որոնք ի վերջո առանձնացան «Ժառանգությունից», Հովհաննիսյանը պատասխանեց, որ չի զղջում:

«Սա կյանք է. կյանքը ենթադրում է ոչ թե զղջում, այլ ժողովրդի հետ պայքար դեպի հաղթանակ: Մոտ ապագայում Ստեփանի օրինակով կտեսնեք նրանց վերադարձը թե գործադիր, թե օրենսդիր իշխանություն», - ասաց նա:

Կանաչների կուսակցության նախագահը եւս մտահոգություններ ունի

Ընտրողների հետ հանդիպումները սկսել է նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կազմում գտնվող Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը: Դովլաթյանը, ով մայիսին նույն ընտրատարածքում առաջադրված ընդդիմադիր Գայանե Առուստամյանի թիմից էր, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ իշխանական ռեսուրսները նույն ձեւով հիմա են կիրառվելու, ինչի վկայությունը իշխող կուսակցության ամեն քայլափոխի բացված ենթաշտաբերն են:

«Սա ցուցադրական մի պրոցես է, թե` տեսեք մենք ինչքան շատ ենք, ինչքան ուժեղ ենք… Իրենք փորձելու են այդ շտաբերով, ենթաշտաբերով, որտեղ թաղային «հեղինակություններ են» հավաքված, մարդկանց բերել ընտրությունների, փորձելու են կրկնաընտրություններ անցկացնել, որ մի մարդը մի քանի տեղամասում քվեարկի: Դրան ականատես եղանք նաեւ մայիսին: Հիմա իմ եւ մյուս թեկնածուների խնդիրն է միասին փորձել այդ ոչ օրինական պրոցեսների դեմ պայքարել», - ասաց Դովլաթյանը:

Թիվ մեկ ընտրատարածքում առաջադրված չորրորդ թեկնածուն Հայաստանի ժողովրդական կուսակցությունից է. Էդվարդ Պետրոսյանը ինքնաառաջադրված է: Ընդդիմադիր Կոնգրեսից փոխանցեցին, որ ոչ Կոնգրեսը, ոչ ՀԺԿ-ն նրան չեն սատարում: Թեկնածուն ամենապասիվն է այս ընտրարշավում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG