Մատչելիության հղումներ

Լիբանանահայը մտադիր է ընտանիքով Հայաստանում հաստատվել


Բեյրութցի կինը փորձում է ապաստան գտնել լիբանանյան բանակի եւ սուննի մահմեդականների բախման ժամանակ, 22-ը հոկեմբերի, 2012
Բեյրութցի կինը փորձում է ապաստան գտնել լիբանանյան բանակի եւ սուննի մահմեդականների բախման ժամանակ, 22-ը հոկեմբերի, 2012
Լիբանանահայ Սեթո Սարաֆյանը մտադիր է ընտանիքով հեռանալ Բեյրութից ու հաստատվել Հայաստանում:

42-ամյա Սարաֆյանը «Ազատություն» ռադիոկայանին էր դիմել` խնդրելով աջակցել Հայաստանում հաստատվելու հարցում: Նա, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում պարզաբանելով Բեյրութից հեռանալու իր մտադրությունը, ասում է, որ Սիրիայի հակամարտությունը ազդել է Լիբանանի վրա ու այդ պատճառով ինքն ուզում է հեռանալ այդ երկրից:

«Ես միշտ ապագայի մասին եմ մտածում, այս երկիրը ապագա չունի, ես ծնվել եմ, մեծացել եմ պատերազմի մեջ, եւ նույն իրավիճակը շարունակվում է: Եթե 3-4 տարի կայուն իրավիճակ է լինում, վերջում նորից պրոբլեմ է ծագում եւ սկսվում է անկայունությունը», - ասում է Սարաֆյանը:

Նա պատմում է, որ Լիբանանում իրավիճակը նախկինի պես խաղաղ չէ, եւ ինքը որոշակի վախ ունի:

«Հայկական շրջաններում մահմեդականների հետ կապը քիչ է, ավելի հանդարտ է, բայց որոշ շրջաններ բախումներ էլ են լինում, ճանապարհներ են փակում, անիվներ են այրում եւ այլն: Սիրիայի մեջ կռվող երկու կողմերն էլ համակիրներ ունեն Լիբանանում: Նույնիսկ կրակոցներ կան եւ այլն, Լիբանանն էլ զերծ չի մնում Սիրիայի խնդիրներից, ուղղակի այստեղ պատկերը ավելի փոքր է», - ասում է Սաֆարյանը:

Սաֆարյանի նախնիները Լիբանան են գաղթել 1915 թվականին Կիլիկիայից: «Պապս արծաթագործ էր, ու այս արհեստը ինձ է փոխանցվել», - շարունակում է իր պատմությունը լիբանանահայը` հավելելով, թե սիրիական հակամարտության պատճառով մոտ 90 տոկոսով նվազել են իր պատվերները եւ այլեւս դժվարությամբ է հոգում ընտանիքի հոգսերը:

Մինչ սիրիական պատերազմը Սաֆարյանը եւ նրա գործընկերները իրենց պատրաստած արծաթյա իրերը Սիրիայի տարածքով հասցնում էին Արաբական Էմիրություններ:

«Մեր շուկան արաբական երկրների հետ է կապված: Արտադրանքը արտահանելու մեր միակ ճանապարհը Սիրիան է», - ասում է նա:

Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» պարբերականի խմբագրապետ Շահան Քանդահարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ իսկապես Լիբանանում անորոշ վիճակ է, ու այդ պատճառով երկրից հեռանալու մտադրություն ունեցողների ցանկությունը բնական է:

«Ազդակի» խմբագիրն ասում է` այժմ իրավիճակը Լիբանանում հանդարտ է: Մոտ երեք շաբաթ առաջ առաջ Բեյրութի կենտրոնում ուժգին պայթյուն էր տեղի ունեցել, որի հետեւանքով ութ մարդ էր զոհվել, այդ թվում եւ ազգությամբ հայ մի կին: Երկրում բողոքի ցույցեր էին սկսվել, ճանապարհներ էին փակվում, որոշ քաղաքներում զինված խմբավորումներ էին շրջում: Ընդդիմադիրները պահանջում էին վարչապետի եւ կառավարության հրաժարականը:

«Պայթյունները չեն կրկնվում, բայց որ փոքր մասշտաբի բախումներ կան ու լինելու են, փաստ է», - շարունակում է Քանդահարյանը:

Քանդահարյանի գնահատմամբ` սիրիական վիճակի կրողը անմիջապես Լիբանանն է, այն ազդեցություն է ունեցել Լիբանանի թե քաղաքական, թե սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Քանդահարյանի խոսքով` մի կողմից ընդդիմություն-իշխանություն խնդիրները, մյուս կողմից էլ սիրիական հակամարտության երկու կողմերի աջակիցների բախումները Լիբանանում երկբեւեռ լարվածություն են ձեւավորել:

Խմբագրապետն ասում է, որ երկբեւեռ լարվածությունը իր լիբանանյան տարբերակներով զանազան դրսեւորումներ է ունենում, բայց այս բոլորով հանդերձ պահպանվում է երկրի կայունությունը, կյանքը վերադարձել է իր բնականոն հունին, բայց կա անորոշության խնդիր: Ըստ Քանդահարյանի, թեեւ հայերի մի մասը մտածում է թողնել Լիբանանը, այդ ցանկությունն իրագործելու համար, սակայն, Հայաստանում քիչ հնարավորություններ կան:

«Այս պահի դրությամբ զանգվածային հոսք չկա: Մարդկանց` Լիբանանը լքելու պատճառները բնական եմ համարում, բայց եթե խոսում ենք Հայաստան գալու մասին, ապա սոցիալ-տնտեսական պայմանները այնպիսին պետք է լինեն, որ մարդ մղվի այդ քայլը կատարելուն», - ասաց Քանդահարյանը:

Սաֆարյանի մեծ նպատակներ է կապում հայրենիքի հետ, ասում է, թե այստեղ հաստատվելու դեպքում կարող է գյուղատնտեսությամբ զբաղվել, եւ ամենակարեւորը` ընտանիքի ապագան անորոշ չի լինի, ինչպես Լիբանանում է:
XS
SM
MD
LG