Մատչելիության հղումներ

Դատարանը քննում է Հայրապետյանի դեմ հերթական հայցը


Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի դեմ «Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հրանուշ Խառատյանի հայցադիմումի քննության նախնական դատական նիստի մեկնարկին Հրանուշ Խառատյանի ներկայացուցիչը միջնորդեց, որպեսզի դատարանը ստուգի Ռուբեն Հայրապետյանի փատաբաններին տրված լիազորագրերում առկա ստորագրության իսկությունը։

Դատարանը որոշեց, որ հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 22-ին, կամ դատարան ներկայանա Ռուբեն Հայրապետյանը եւ հաստատի ստորագրության իսկությունը, կամ էլ ստորագրությունը հաստատվի նոտարի կողմից։

Հիշեցնենք՝ Հրանուշ Խառատյանը դատարանից խնդրում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից վիրավորական արտահայտությունների համար եւ հերքել իր բարի համբավը, պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունները:

Հայցի մեջ նշված են Nouvelles d’Armenie պարբերականին Ռուբեն Հայրապետյանի տված հարցազրույցում առկա հետեւյալ ձեւակերպումները` «ոհմակ են», «վարձու մարդիկ», «մինչեւ մահ վախենալու են ինձանից», «իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու», «իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են». սրանք, ըստ Հրանուշ Խառատյանի, վիրավորում են իր արժանապատվությունը:

Հայցում նշված են Հայրապետյանի հարցազրույցում առկա այն արտահայտությունները, որոնք վերաբերում են «Հարսնաքար»-ի դեպքից հետո չդադարող բողոքի ակցիաներին։ Ըստ Խառատյանի` իր բարի համբավը եւ պատիվն արատավորող, իրականությանը չհամապատասխանող զրպարտող արտահայտություններ են Հայրապետյանի հետեւյալ խոսքերը` «Կարծում եք՝ ես այնպիսի մեկն եմ, ով չգիտե՞, թե ով ումից է պատվեր ստանում... Հրանուշ Խառատյա՞նն ով է. Ռոբերտ Քոչարյանի մարդը : Նրանք ի՞նչ պիտի անեն: Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի «Բարգավաճ Հայաստան»-ը Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության», «Ո՞վ է դրանց ֆինանսավորում, ո՞վ է պատվեր տալիս, ուղարկում իմ տան վրա», «Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն։ Այ այդպես»։


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG