Մատչելիության հղումներ

logo-print

«Արմավիան» պարտք է նաեւ «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնին


Պավել Մանուկյան, Անահիտ Գրիգորյան

Պավել Մանուկյան, Անահիտ Գրիգորյան

«Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերությունը մոտ 94 միլիոն դրամ է պարտք «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնին: Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնեց կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Մանուկյանը:

«Ոչ մի հեռախոսազանգի բացարձակապես չեն պատասխանում, բոլոր մեր դիմում-նամակները ոչ մի արդյունք չտվեցին», - ասաց Մանուկյանը:

«Արմավիայի» անցած տարվա պարտքն էլ կազմել է մոտ 48 միլիոն դրամ, սակայն Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնը չի դիմել վճռորոշ քայլերի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ չի կարող միակողմանի փակել տեղեկատվությունն «Արմավիայի» համար. այս տեղեկատվությունը բաց է, եւ դրանից օգտվում են նաեւ միջազգային ավիաընկերությունները: Իսկ եթե այս խնդիրն այդպես էլ հանգուցալուծում չունենա, Մանուկյանն ասում է` «փաստացի եղանակը չեն հաղորդի»:

«Բայց հետագայում եթե տնտեսությունը կանգնի քայքայման եզրին, ստիպված ամբողջական չենք տա, այսինքն միջազգային բանկերին չենք կարողանալու ինֆորմացիա տալ, որը կհանգեցնի բոլոր տեսակի թռիչքների դադարեցման», - ասաց Մանուկյանը:

Ինչպես տեղեկացրեց նույն ընկերության իրավաբան Անահիտ Գրիգորյանը, «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնն էլ իր հերթին այնքան պարտք է կուտակել (մոտ 17 միլիոն դրամ), որ «Արմենիա» միջազգային օդանավակայանը իր հերթին կարող է դադարեցնել պայմանագիրն իրենց հետ:

«Եվ այդ դեպքում ոչ թե մենք ենք ուզում արդեն չսպասարկել, այլ չենք կարող սպասարկել», - շեշտեց իրավաբանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե համապատասխանո՞ւմ է արդյոք ծառայության մատուցած գինը միջազգային գներին, ընկերության ներկայացուցիչները հայտնեցին, որ տարածաշրջանում այս ծառայության մատուցած գինն ամենաէժանն է` 33 հազար դրամ յուրաքանչյուր թռիչքի համար: Սակայն «Արմավիային»` որպես ազգային փոխադրող, զեղչեր են արել:

«Արմավիա» ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ամեն չվերթի համար «Արմավիան» պարտավորված է եղել վճարել մոտ 25 հազար դրամ` 60դոլար, սակայն խնդրանք է ներկայացրել ընկերությանը այդքան գումարը վճարել օրվա եւ ոչ թե չվերթի համար:

«Մենք իրենց ծառայություններից անհրաժեշտություն չունենք օգտվելու, մենք կարող ենք ուղղակի աերոնավիգացիայից ստանալ այն, ինչ արդեն ստանում ենք: Իրենք ավելորդ են: Մենք իրենց ասացինք` դուք [պարտքը] վերանայեք, թե չէ մենք ձեր պահանջներին չենք պատասխանի: Պայմանագիրը չենք դադարեցրել, որովհետեւ մենք իրենց ուղղակի խնդրել ենք, զգուշացրել ենք, որ վերանայեն: Ասում են` վերանայեցին, բայց մենք ոչ մի պաշտոնական պատասխան չենք ստացել», - ասաց Ավետիսովան:

«Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնի ներկայացուցիչներն ասում են, որ ընկերությունը կանգնած է քայքայման եզրին, եւ այդ է պատճառը, որը որոշել են դատարան դիմել: Թե երբ կդադարեցնի ընկերությունն իր ծառայությունը, դեռեւս հայտնի չէ, չի բացառվում անգամ, որ մոտ օրերս: Կենտրոնը այդ մասին պաշտոնապես կտեղեկացնի իր ծառայություններից օգտվողներին:

Ինչ վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի վարչության դերակատարմանն այս պատմությանը, ապա «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնը դիմել է վարչության պետ Արտյոմ Մովիսիանին, ով ասել է, թե այլ պայքարի միջոց «ինքն էլ չի տեսնում»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG