Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի դեսպանին արգելել են այցելել Ջուղայի գերեզմանատուն


Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը երեկ հայտարարել է, որ երբ վերջերս այցելել է Նախիջեւան, իրեն թույլ չեն տվել լինել Ջուլֆայում, որտեղ, «համաձայն վստահելի աղբյուրներից ստացված վկայությունների, պղծվել եւ ոչնչացվել է մի հին հայկական գերեզմանատուն»։

Ամերիկացի դիվանագետի փոխանցմամբ` ադրբեջանական իշխանությունները արգելքը պատճառաբանել են «անվտանգության նկատառումներով»։

Այդուհանդերձ, Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում Մորնինգսթարը հավաստիացրել է, որ Ջուղայի հայկական գերեզմանատան խնդիրը լայնորեն քննարկել է Նախիջեւանի տեղական իշխանությունների հետ։

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը, մինչդեռ, կոչ է անում դեսպանին հարգել Ջուղայի գերեզմանատուն այցելելու իր հանձնառությունը, որի մասին հայտարարել է ամերիկյան Սենատի առջեւ։

«Դեսպան Մորնինգսթարը չի կարող «ոչը» ընդունել որպես պատասխան», - ասել է գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը. - «Նա կարող է կա՛մ շարունակել բախել Իլհամ Ալիեւի դուռը, մինչեւ այդ անհիմն արգելքը վերացվի, կա՛մ պարզապես ինքնուրույն մեկնել Ջուլֆա»։

«Ամեն դեպքում, հստակ է, որ որպես ամերիկացիներ` մենք չպետք է ո՛չ զենք վաճառենք ադրբեջանցի զինվորականին, որը գերեզմանոցներ է ավերում, ո՛չ որեւէ օգնություն ուղարկենք Բաքվում մի կառավարության, որը խոչընդոտում է Միացյալ Նահանգների դեսպանների այցերը խաղաղ ժամանակաշրջանում կատարված մշակութային սրբապղծության վայրեր», - ընդգծել է Համբարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG