Մատչելիության հղումներ

Դատարանը կքննի Հայրապետյանի դեմ հերթական հայցը


Հրանուշ Խառատյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Հրանուշ Խառատյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Հրանուշ Խառատյանը հույս ունի, որ այս դատավարության շնորհիվ Ռուբեն Հայրապետյանն ի վերջո ներողություն կխնդրի։

Երեքշաբթի օրը Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է նախնական դատական նիստ` «Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հրանուշ Խառատյանի հայցի քննության նպատակով:

Խառատյանը դատարանից խնդրում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից վիրավորական արտահայտությունների համար եւ հերքել իր բարի համբավը, պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկությունները:

Հայցի մեջ նշված են Nouvelles d’Armenie պարբերականին Ռուբեն Հայրապետյանի տված հարցազրույցում առկա հետեւյալ ձեւակերպումները` «ոհմակ են», «վարձու մարդիկ», «մինչեւ մահ վախենալու են ինձանից», «իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու», «իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են». սրանք, ըստ Հրանուշ Խառատյանի, վիրավորում են իր արժանապատվությունը:

Հայցում նշված են Հայրապետյանի հարցազրույցում առկա այն արտահայտությունները, որոնք վերաբերում են «Հարսնաքար»-ի դեպքից հետո չդադարող բողոքի ակցիաներին։ Ըստ Խառատյանի` իր բարի համբավը եւ պատիվն արատավորող, իրականությանը չհամապատասխանող զրպարտող արտահայտություններ են Հայրապետյանի հետեւյալ խոսքերը` «Կարծում եք՝ ես այնպիսի մեկն եմ, ով չգիտե՞, թե ով ումից է պատվեր ստանում... Հրանուշ Խառատյա՞նն ով է. Ռոբերտ Քոչարյանի մարդը : Նրանք ի՞նչ պիտի անեն: Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի «Բարգավաճ Հայաստան»-ը Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության», «Ո՞վ է դրանց ֆինանսավորում, ո՞վ է պատվեր տալիս, ուղարկում իմ տան վրա», «Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն։ Այ այդպես»։

Հրանուշ Խառատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ այս դատավարության շնորհիվ Ռուբեն Հայրապետյանը ի վերջո ներողություն կխնդրի իր արած արտահայտությունների համար։

«Վահե Ավետյան» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչն այս հայցը դիտարկում է քաղաքացիական հարթությունում։

«Ես հարցը չեմ առանձնացնում Վահե Ավետյանի սպանությունից հետո քաղաքացիական հասարակության ընդերքում կատարվող պաշտպանական զարգացումներից` անարդարությունից, անիրավությունից, մարդասպանությունից, բռնությունից պաշտպանության զարգացումները։ Սա անընդհատ քաղաքացիական է եղել, եւ ես մեր հարցը նույնպես այդ նույն շրջանակներում եմ տեսնում», - ասաց Խառատյանը։

«Այն քաղաքականացնելու փորձեր շատ են լինում, եւ նույնիսկ վերջերս մեր կրթության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, [թե] շատ քաղաքական էր պարոն Հայրապետյանի դեմ եղած այս շարժումները։ Չգիտեմ, ճիշտն ասած, պարոն Աշոտյանը խեղճ պարոն Հայրապետյանին ի՞նչ քաղաքական հայացքների մեջ էր կասկածում, որի համար նրա հանդեպ պետք է քաղաքական ինչ-որ շարժումներ լինեին», - ընդգծեց «Վահե Ավետյան» նախաձեռնության ներկայացուցիչը։

Անցած շաբաթ էլ նույն դատարանում սկսվել է Ռուբեն Հայրապետյանի դեմ մեկ այլ քաղաքացիական ակտիվիստի` Դավիթ Սանասարյանի հայցի քննությունը։

«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին դաժան ծեծի էին ենթարկվել երեք զինվորական բժիշկներ, որոնցից 33-ամյա Վահե Ավետյանը, 12 օր գիտակցության չգալով, մահացավ գլխուղեղի լուրջ վնասվածքների հետեւանքով: Այս իրադարձություններին հաջորդեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքի ակցիաները, մասնավորապես, «Հարսնաքար»-ի եւ Հայրապետյանի առանձնատան մոտ, որոնց մասին էլ նա խոսել էր Nouvelles d'Armenie-ի հարցազրույցում։
XS
SM
MD
LG