Մատչելիության հղումներ

Զուրաբ Ժվանիայի եղբայրը վստահ է` նախկին վարչապետը սպանվել է


Վրաստան, Թբիլիսի, 9-ը նոյեմբերի, 2003թ. - Նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հանդիպում է ընդդիմության առաջնորդներ Միխեիլ Սաակաշվիլիի, Զուրաբ Ժվանիայի եւ Նինո Բուրջանաձեի հետ

Վրաստան, Թբիլիսի, 9-ը նոյեմբերի, 2003թ. - Նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հանդիպում է ընդդիմության առաջնորդներ Միխեիլ Սաակաշվիլիի, Զուրաբ Ժվանիայի եւ Նինո Բուրջանաձեի հետ

«Բոլոր՝ թե՛ հին, թե՛ նոր փաստերը հաշվի են առնվելու այս քննության ընթացքում», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Գիորգի Ժվանիան։

Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի եղբայրը՝ Գիորգի Ժվանիան վստահ է, որ վրացական իշխանությունները ձեռնամուխ կլինեն եղբոր մահվան հանգամանքների բացահայտմանը։

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում Ժվանիան կրկին պնդել է, որ եղբայրը ոչ թե դժբախտ պատահարի հետեւանքով է մահացել, այլ սպանվել է։

Գիորգի Ժվանիան, ով Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով ընտրվեց պատգամավոր, հարցազրույցում մեղադրում է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հանցագործությունը միտումնավոր չբացահայտելու մեջ՝ պնդելով, թե ճիշտ հակառակը՝ երկրի ղեկավարությունն արել է ամեն ինչ գործը կոծկելու համար։

«Իշխանությունները այս ամենը հասարակությանը մատուցեցին որպես դժբախտ պատահար, դրա համար էլ անհրաժեշտ էր ողջ բեմադրությունը։ Ես հաստատ գիտեմ, որ այս ամենը ղեկավարել է քառյակը՝ նախագահը, ներքին գործերի նախարարը, գլխավոր դատախազը եւ եղբորս ընկեր Գիորգի Բարամիձեն», - հայտարարել է Ժվանիան` շարունակելով. - «Նրանք են ցուցումներ տվել՝ ինչ բերել բնակարան, որ առարկան որտեղ դնել, որպեսզի այնպիսի տպավորություն ստեղծեին, թե մարդիկ սենյակում նստած նարդի են խաղացել, կոնյակ ու հյութ խմել եւ խեղդվել թունավոր գազից»։

Վրաստանի ամենաազդեցիկ գործիչներից մեկի դին 2005 թվականի փետրվարին հայտնաբերվեց Թբիլիսիում վարձած բնակարանում։ Քննության արդյունքներով` 42-ամյա Զուրաբ Ժվանիան ու նրա ընկերը՝ մարզպետարաններից մեկի աշխատակից 22-ամյա Ռաուլ Յուսուպովը թունավորվել էին գազից՝ վառարանի անսարքության պատճառով։

Գիորգի Ժվանիան մինչդեռ, պնդում է, որ սպանությունից հետո են միայն եղբոր դին տեղափոխել այդ բնակարան։

Պաշտոնական վարկածի արժանահավատությունը մեկ շաբաթ առաջ կասկածի տակ առավ արդարադատության նորանշանակ նախարար Թիա Ծուլուկիանին՝ հանդես գալով քրեական գործը վերանայելու նախաձեռնությամբ, քանի որ անպատասխան հարցեր են մնացել։

Ժվանիայի եղբայրն ասում է՝ հիմա նոր հանգամանքներ են ի հայտ եկել։

«Բայց կան նաեւ հին հանգամանքներ, որոնք դատախազության նախկին ղեկավարների օրոք անուշադրության էին մատնվել։ Բոլոր՝ թե՛ հին, թե՛ նոր փաստերը հաշվի են առնվելու այս քննության ընթացքում, եւ մենք շուտով կտեսնենք արդյունքը»», - հայտարարել է Գիորգի Ժվանիան։

Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին հրապարակայնորեն խոստացել է առաջինը զբաղվել հենց նախկին վարչապետի մահվան հանգամանքները բացահայտելով։

Դատախազը չի բացառել, որ նոր քննության շրջանակում կարող է հարցաքննվել նաեւ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG