Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 6-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանի նախագահի 2013 թվականի ընտրությունից հետո քաղաքական դաշտում խոշոր վերաձեւումները անխուսափելի են լինելու: Արդեն այսօր ակնհայտ է, որ նախագահական ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսում լինելու են ներքին լուրջ պարզաբանումներ, եւ այսօր արդեն իսկ ճաքեր տվող կոնսենսուսը, որը երկար ժամանակ մի կերպ պահվում էր արտաքնապես, դառնալու է արդեն ներկոնգրեսական հետագա խմորումների անխուսափելի պատճառ, քանի որ դրանից է կախված լինելու արդեն ՀԱԿ-ի տեղն ու դերը Հայաստանի հետագա զարգացումներում: Նույնը սպասվում է ԲՀԿ-ին: Խնդիր է լինելու նաեւ Գագիկ Ծառուկյանի հեռանալը, եւ Ռոբերտ Քոչարյանը, անկասկած, արդեն անցնելու ԲՀԿ-ն վերցնելու ավելի վճռական գործողությունների` մի կողմ թողնելով մարտավարական սեթեւեթանքները: Հակառակ պարագայում, եթե Քոչարյանը չվերցնի կուսակցությունը, Սերժ Սարգսյանն արդեն ոչ թե վերցնելու է, այլ վերացնելու է ԲՀԿ-ն: Սերժ Սարգսյանին դա պետք է ՀՀԿ-ում ներքին վերադասավորումների ձեռնամուխ լինելու համար, քանի որ առանց դրա նա անխուսափելիորեն տապալելու է նախագահական իշխանության, այսպես ասած, ժառանգորդի խնդրի լուծումը` 2018-ից առաջ կանգնելով շատ մեծ ռիսկերի առաջ: Սերժ Սարգսյանը հենց այս պատճառով է շահագրգռված չեզոքացնել ԲՀԿ-ն, որպեսզի ՀՀԿ-ի օլիգարխիկ հատվածը, որից թե քաղաքական, թե քարոզչական նկատառումներով պետք է ազատվի Սերժ Սարգսյանը, փախչելու տեղ չունենա»:

«Հրապարակ»-ը զրուցել է նախկին վարչապետ, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանից: Հարց. - «Պարոն Բագրատյան, Ձեր կարծիքով, խորհրդարանական ուժ դառնալուց հետո ՀԱԿ-ը որքա՞ն համախոհներ կունենա 2013-ի նախագահական ընտրություններում»: Պատասխան. - «ՀԱԿ-ն այսօր ունի խնդիր, իմ կարծիքով: Միասնականության խնդիր: Գնալով խնդիրները կոնկրետանում են, եւ մենք տեսնում ենք կուսակցությունների մոտեցումների տարբերություններ: ՀԱԿ-ը ռեստարտ անելու խնդիր ունի, ղեկավարման ու համակարգման այս ձեւը թույլ չի տալիս ավելացնելու մեր հետեւորդներին, այլ՝ ընդհակառակը»:

«168 ժամ»-ը, ներկայացնելով parliamentmonitoring.am կայքում զետեղված տվյալները, գրում է. - «Իրեն «այլընտրանքային» հռչակած ուժի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների կարողությունն ավելի քան երկուսուկես անգամ ավելի է իշխող ՀՀԿ-ի խմբակցության պատգամավորների կողմից հայտարարագրվածից: ՀՀԿ-ական պատգամավորների ընդհանուր կարողությունը կազմում է 35.7 մլն դոլար, ԲՀԿ-ինը` 98 մլն դոլար: Սա, բնականաբար, ամենեւին չի նշանակում, թե ՀՀԿ-ականներն իրականում պակաս կարողություններ ունեն, կամ հայտարարագրեր լրացնելիս ԲՀԿ-ականներն ավելի ազնիվ են գտնվել: Պարզապես ՀՀԿ-ականները` որպես ավելի իշխող ուժի ներկայացուցիչներ, գրել են այնքան, որքան ցանկացել են, ԲՀԿ-ականները գուցե մի փոքր ավելի զգուշավոր են եղել: Սակայն խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ Հայաստանում առաջին անգամ «ընդդիմության» դիրքերից հանդես է գալիս մի կուսակցություն, որը կամ իշխանությունից ավելի հարուստ է, կամ առնվազն այնքան կարողություն ունի, որքան իշխանությունը: Այսինքն` առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ի` առանձին հանդես գալու դեպքում իրականում կարող է ընթանալ շատ սուր պայքար»:

Պատասխանելով «Իրատես դե ֆակտո» հարցերին` Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Դավթյանը հայտարարել է, ԲՀԿ-ի հետ հարաբերություններում ՀՀԿ-ն սպասելիքներ ունի. - «Կան սպասելիքներ, եւ պայմանավորված են իրական քաղաքականության հստակ ընկալմամբ, մնացած ժամանակը, կարծում եմ, մեր գործընկերներին կբերի այդ համոզման»: Հարց. - «Երկրորդ նախագահը ռեալ փորձ կանի՞ ակտիվ քաղաքականություն վերադառնալու»: Պատասխան. - «Երկրորդ նախագահն այնքան խոհեմ, փորձառու քաղաքական ու պետական գործիչ է, որ առաջիկա նախագահական ընտրություններում մենք մասնակցային առումով ակտիվ քաղաքականություն նրա վերադարձին ականատես չենք լինի»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Կոռուպցիայի դեմ պայքարի թեման այս օրերի բավականին մոդայիկ է: Իշխանություններն հարցն այնպես են ներկայացնում, թե իրենք թեւքերը քշտած պայքարում են առանձին բացասական երեւույթների դեմ, ընդդիմությունն էլ հայտարարում է, թե խոսքն առանձին բացասական երեւույթների մասին չէ, իշխանական ողջ համակարգն է կոռուպացված: Լավ, իսկ ինչպե՞ս պարզել` իշխանական ողջ համակարգն է կոռումպացված, թե պարզապես առանձին «անբարոյականները» ներթափանցել են համակարգ եւ արատավորում են իշխանությունների բարի համբավը: Իրականում սա պարզելը բավականին հեշտ է: Օրինակ, Հայաստանում քանի՞ մարդ կգտնվի, ով անձամբ կաշառք է տվել կադաստրի պետին: Գուցե ընդհանրապես չգտնվի: Փոխարենը կգտնվեն տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր կաշառք են տվել կադաստրի շարքային աշխատակիցներին: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ «ստորին օղակների առանձին աշխատակիցներ» կոռումպացված են, իսկ պետը` ազնիվ: Եթե այդպես լիներ, նրանք պետից լավ կապրեին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG