Մատչելիության հղումներ

Ո՞վ կղեկավարի երկիրն առաջիկա չորս տարիներին` դեմոկրա՞տ, թե՞ հանրապետական թեկնածուն։ Այս հարցն են այսօր լուծելու ԱՄՆ-ի քաղաքացիները։

«Կապույտ» եւ «կարմիր» նահանգների պայքարը

Հարցումների արդյունքները վկայում են գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամայի եւ նրա հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի գրեթե հավասար հնարավորությունների մասին։

Ինտերակտիվ քարտեզը, որը ցույց է տալիս թեկնածուներին աջակցող նահանգները, ունի երկու գույն` կապույտ եւ կարմիր։

«Կապույտ» են նահանգները, որտեղ ընտրողների մեծ մասը հակված է սատարել դեմոկրատ թեկնածուին, «կարմիրը» հանրապետականին աջակցող նահանգներն են։

Վերջին խոսքի իրավունքը Ընտրիչների կոլեգիայինն է

Ամերիկյան նախագահական ընտրություններն ունեն մի հետաքրքիր առանձնահատկություն` քվեարկում են քաղաքացիները, սակայն նախագահին ի պաշտոնե ընտրում է մի առանձին կառույց` Ընտրիչների կոլեգիան (Electoral College)։

Միացյալ Նահանգների օրենսդիր երկպալատ Կոնգրեսը ունի 535 անդամ` Ներկայացուցիչների պալատի 435 անդամ (կոնգրեսական) եւ 100 սենատոր։ Որեւէ նահանգում կոնգրեսականների թիվը կախված է բնակչության թվից, հետեւաբար` որքան մեծ է բնակչությունը, այնքան շատ են կոնգրեսականները, մինչդեռ սենատորների թիվն անփոփոխ է. մեծ թե փոքր նահանգ Սենատում ունի երկու անդամ, ինչը կարեւոր է ֆեդերալիզմի հիմքը` նահանգների հավասարությունն ապահովելու համար։

Ամերիկյան օրենսդրության համաձայն, Ընտրիչների թիվը հավասար է օրենսդիրների թվին գումարած 3։ Այդ երեքը Կոլումբիայից են, որտեղ գտնվում է մայրաքաղաք Վաշինգտոնը։ Կոլումբիան ոչ թե նահանգ է, այլ առանձնատարածք, սենատոր ընդհանրապես չունի, իսկ Կոնգրեսում ներկայացված է քվեարկության իրավունք չունեցող պատվիրակով։

Հաղթանակի համար պետք է 270 ընտրիչի ձայն

Ընտրիչների կոլեգիայում 538 անդամ է։ Նախագահական ընտրություններից հետո կոլեգիան հավաքվում է նիստի, եւ յուրաքանչյուր ընտրիչ մեկ ձայն տալիս է նախագահին, մեկ ձայն` փոխնախագահին։

Ընտրիչի առաքելությունն է` արտահայտել ժողովրդի կամքը։ Հաղթող է հռչակվում այն թեկնածուն, ով կստանա առնվազն 270 ընտրիչի աջակցությունը։ Ընտրիչը, փաստորեն, «ընտրալիազոր» է, որին շարքային ընտրողը լիազորում է քվեարկել կոլեգիայում։ ԱՄՆ-ի պատմության ընթացքում կոլեգիան երեք անգամ նախագահ է ընտրել թեկնածուին, ով ժողովրդից ստացած քվեներով զիջել է մրցակցին։

Մեծամասնություն ունեցողը վաստակում է բոլորի ձայները

Հետաքրքիր է նաեւ մեխանիզմը, որով թեկնածուն ապահովում է ընտրիչների աջակցությունը. ամեն նահանգ ունի օրենսդիրների թվով ընտրիչներ, ուստի մեծ նահանգը, օրինակ` Կալիֆորնիան, կոլեգիայում ունի 55 ընտրիչ, քանի որ Վաշինգտոն է գործուղել 53 կոնգրեսական եւ 2 սենատոր։

50 նահանգներից 48-ում ժողովրդական քվեարկությամբ մեծամասնություն ստացած թեկնածուն մեխանիկորեն շահում է բոլոր ընտրիչների ձայները։ Բացառությունը միայն Մեյն եւ Նեբրասքա նահանգներն են, որտեղ քվեները բաշխվում են ըստ կոնգրեսական ընտրատարածքների։

Ամեն ինչ կորոշեն «չկողմնորոշվածները»

Ո՞վ կընտրվի մոլորակի գերտերության նախագահ։ ԱՄՆ-ում կան «կարմիր-հանրապետական» եւ «կապույտ-դեմոկրատական» նահանգներ, բայց կան նաեւ այսպես կոչված «չկողմնորոշված» նահանգներ (swing state), որտեղ թեկնածուներից եւ ոչ մեկը հստակ աջակցություն չունի. քաղաքական վերլուծաբանների համոզմամբ` հենց դրանք էլ կլուծեն ամերիկյան ընտրությունների հանելուկը։

Նոյեմբերի 7-ին, Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 8-ին կփակվեն ընտրատեղամասերը վերջին «չկողմնորոշված» նահանգներում, եւ այդ պահին արդեն գրեթե հստակ հայտնի կդառնա ԱՄՆ-ի 45-րդ նախագահի անունը։

«Ոչ մի լռության օր»

Իսկ այս պահին երկու թեկնածուները շարունակում են նախընտրական հանդիպումները։ Ամերիկյան ընտրությունների եւս մեկ առանձնահատկությունն էլ այն է, որ Միացյալ Նահանգներում չկա «լռության օր», եւ թեկնածուներն ու նրանց թիմերը ընտրողների ձայների համար կարող են թեժ պայքար մղել ընդհուպ մինչեւ ընտրատեղամասերի փակումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG