Մատչելիության հղումներ

Նույնականացման քարտը կկանխի՞ վարչարարական քաշքշուկները


ՀՀ քաղաքացին միանգամից երեք փաստաթուղթ կունենա իր ձեռքում, եթե այսօր շրջանառության մեջ գտնվող անձնագրից բացի որոշի նաեւ նույնականացման քարտ եւ կենսաչափական անձնագիր ձեռք բերել: Վերջիններիս համար քաղաքացին պետք է գումար վճարի. 3000 դրամ` նույնականացման քարտի համար, 25 հազար` կենսաչափական անձնագրի համար:

Անձնագրային եւ վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Մնացական Բիչախչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ քանի դեռ համակարգն ամբողջությամբ չի ներդրվել, այսօր գործող անձնագիրը շարունակում է շրջանառության մեջ մնալ:

«Ներդրվեց այնպիսի համակարգ, որը հետագայում հնարավորություն կընձեռնի քաղաքացի եւ պետական մարմին հարաբերությունը հնարավորինս պարզեցնել: Այսինքն այն դեպքում երբ քաղաքացին ստիպված էր ներկայացնել մի քանի տեղեկանքներ, տվյալ դեպքում նույնականացման քարտը իր մեջ պարունակում է էլեկտրոնային չիպ, որում ներառելով տվյալ փաստաթղթերը` ստիպված չի լինի այս կամ այն պետական մարմնից ստանալ դրան», - պարզաբանեց Բիչախչյանը:

Վարչարարական քաշքշուկներից, սակայն, խոսում էին նաեւ այն ժամանակ, երբ սոցիալական քարտերն էին շրջանառության մեջ մտնում: Այնուամենայնիվ, դրանք այդպես էլ չներառեցին այդ գործառույթն իրենց մեջ: Ավելին` 2012 թվականի հունիսի 1-ից դրանք ընդհանրապես դուրս եկան շրջանառությունից: Հարցին, թե մի ձախողված ծրագրից անցումը մեկ այլ ծրագրի, որը թեպետ մեծ առավելություններ եւ հարմարավետություններ է այս պահին ենթադրում, ի՞նչ երաշխիքներ կարող է տալ քաղաքացուն, որ սա, օրինակ, պետական բյուջեն համալրելու փորձ չէ: Չցանկանալով սոցիալական քարտերի ներդրման համակարգը ձախողված համարել` Բիչախյանն ասաց, որ դրանք պարզապես փոխարինվել են հանրային ծառայության համարանիշներով:

16 տարին լրացած անձն իր դիմումի համաձայն կարող է կամավոր հիմունքով ստանալ նույնականացման քարտը 15 աշխատանքային օրվա ընթացքում: Այսինքն, սա կամավոր է: Սակայն օրեր առաջ շրջանառության մեջ էր մտել մի լուր այն մասին, որ ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանում բուհի ղեկավարությունը աշխատողներին պարտադրում է նույնականացման քարտ ստանալ: Ռեկտոր Արա Ավետիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց, թե պարտադրել է, այլ ընդամենը խորհուրդ է տվել աշխատողների ձեռք բերել քարտերը մինչեւ նոյեմբերի կեսերը:

«Հարկային մարմինների կողմից անհատի եկամուտների եւ սոցիալական վիճակի տարեկան հաշվետվությունների մեջ սյունակում կա, որում պահանջվելու է նույնականացման քարտի համար: Այդ օրենքը ուժի մեջ է մտել հունվարի 1-ից, որպեսզի չմնա վերջին ամսվա վերջին տասնօրյակին, եւ մարդիկ սկսեն աշխատանքից բացակայել, մենք մեր աշխատակիցներին տեղեկացնում են», - ասաց ռեկտորը:

Այս դեպքն օրինակ ընդունելով` Անձնագրային եւ վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետը տեղեկացրեց, որ ոչ մի գործատու իրավասու չէ անձին պարտադրել, որ վերջինս նույնականացման քարտ ստանա:

Բիչախչյանից հետաքրքրվեցինք նաեւ` եթե այս քարտերը կամավոր սկզբունքով են ձեռք բերվում, ինչո՞ւ պետք է քաղաքացին ավելորդ գումար վճարի նույնականացման քարտեր կամ կենսաչափական անձնագիր ձեռք բերելու համար: Ըստ նրա` առավելություններից կարող է լինել քաղաքացու էլեկտրոնային ստորագրության առկայությունը, բժշական ապահովագրության, աշխատանքային կենսագրության ներառումը կամ վարորդական իրավունքի վկայականը, որոնք ամրագրվում են նույնականացման քարտի պահոցում:

Հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում նախագահական ընտրություններ են` անձը հաստատող միանգամից երեք փաստաթուղթը խոչընդոտ չի հանդիսանա՞ կրկնակի, եռակի քվեարկության համար, Բիչախչյանը պատասխանեց, որ գործող անձնագրերը շրջանառությունից չեն հանվում հենց այս պատճառով:

«Եռակի ընտրության հնարավորություն չկա, նույնականացման քարտով եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրով անձը չի կարող մասնակցել քվեարկությանը», - ասաց նա:

Վերջին 5 ամիսների ընթացքում նույնականացման քարտ ստանալու համար դիմում է ներկայացրել 10294 քաղաքացի: Անձնագրային եւ վիզաների վարչությունում այս ցուցանիշից ենթադրում են, որ մարդիկ շահագրգիռ են նույնակացման քարտ ձեռք բերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG