Մատչելիության հղումներ

Բաքվում երեքշաբթի օրը կբացվի Համացանցի կառավարման 7-րդ միջազգային խորհրդաժողովը (Internet Governance Forum), որը կտեւի մինչեւ նոյեմբերի 9-ը։

Խորհրդաժողովի այս տարվա թեման ինտերնետի դերն է զարգացման գործում։

«Այս թեման ընդգծում է տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը մարդկային զարգացման հարցում, սակայն այդ գործիքի կարողությունը ամբողջությամբ կիրառելու համար Ադրբեջանը նախեւառաջ պետք է պաշտպանի իր քաղաքացիների` նույն համացանցում առանց պատժվելու վախի ազատ արտահայտվելու իրավունքը», - ասել է «Հյուման Րայթս Ուոթչ» կազմակերպության հարավկովկասյան հարցերով փորձագետ Գիորգի Գոգիան։

Խորհրդաժողովի նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները հեղեղված են հաղորդագրություններով այն մասին, թե ինչ լավ երկիր է Ադրբեջանը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինտերնետի զարգացման առումով:

«Ինտերնետը մեզանում շատ արագ տեմպերով է զարգանում։ Տարեցտարի ավելանում են ներդրումները», - այսօր հայտարարել է կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Էլմիր Վելիզադեն` նշելով, որ ամբողջ երկրում ինտերնետ ծառայության նույն սակագինն է, որը հետզհետե նվազում է։

Փոխնախարարը ընդգծել է, որ Ադրբեջանում բջջային կապի բաժանորդների թիվն ավելին է, քան բնակիչներինը։ Վելիզադեն համոզված է, որ Ադրբեջանը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տարածաշրջանի առաջատարն է։

«Մեր երկրում բացարձակ ազատ ինտերնետ է, ցանկացած քաղաքացի ունի իր կարծիքը ինտերնետում արտահայտելու հնարավորություն, կառավարության նպատակն է բարելավել իրավիճակը», - ասել է Վելիզադեն։

Մինչդեռ, իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները վկայում են Ադրբեջանում արտահայտվելու իրավունքի կոպիտ ոտնահարումների մասին։ Ինչպես «Հյուման Րայթս Ուոթչն» է նշում, այսօրվա դրությամբ առնվազն 8 լրագրող եւ 3 իրավապաշտպան բանտերում են։ Զեկույցում նաեւ ասվում է, որ Ինտերնետի կառավարման խորհրդաժողովը գումարվում է ՄԱԿ-ի հովանու ներքո, հետեւաբար գլխավոր քարտուղար Բան Կի-մունը պարտավոր է Ադրբեջանի ղեկավարներին հորդորել` հարգել մարդու իրավունքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG