Մատչելիության հղումներ

Բախումներ վրացական կալանավայրի մոտ


Անցած գիշեր բախումներ են գրանցվել Վրաստանի Քսանի ավանում գտնվող կալանավայրի մոտ, որտեղ հարազատները բողոքի ցույց էին անցկացնում` ազատազրկվածների հետ տեսակցելու պահանջով:

Մի քանի օր շարունակված ցույցերը երեկ հասել են կիզակետին, ցուցարարները փորձել են բռնի ուժով կալանավայր մտնել` ճանապարհին դաժան ծեծի ենթարկելով բանտապահներին։

Տեղական աղբյուրների հաղորդմամբ, բանտապահներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել` մարմնական ծանր վնասվածքներով։

Թեեւ ուժայիններին ի վերջո հաջողվել է ցուցարարներին ետ մղել կալանավայրի տարածքից, այդուամենայնիվ, տեղում լարվածությունը չի մարում։

Կալանավայրում առնվազն 15 բանտարկյալներ կարել են իրենց բերանները` որպես բողոք բանտի ադմինիստրացիայի կողմից կատարվող չարաշահումների դեմ։

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Գեորգի Լորդկիպանիձեին թույլ են տվել բանտ այցելել։ Այսօր նա լրագրողներին ասել է, որ բանտարկյալները պահանջում են փոխել բանտի աշխատակազմը։

Անցյալ շաբաթ բանտարկյալների եւ նրանց հարազատների նմանատիպ բողոքի ակցիաները Վրաստանի հարավարեւելյան Ռուսթավի քաղաքում ավարտվել են բանտի աշխատակազմի փոփոխությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG