Մատչելիության հղումներ

Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիան այսօր ունի մոտ 800 ուսանող: Ուսանողների թիվը, ըստ բուհի ռեկտոր Արամ Իսաբեկյանի, վերջին տարիներին գրեթե չի փոխվել. պատճառը ոչ թե դիմորդների, այլ բուհի հնարավորությունների բացակայությունն է, բուհը չի կարող 800-ից ավելի ուսանողների ապահովել արվեստանոցներով:

Ռեկտորը նշում է` տարիներ շարունակ նույնն են նաեւ դիմորդների նախասիրությունները. երիտասարդների մեծ մասը ցանկանում է ընդունվել մոդելավորման, դիզայնի, համակարգչային նախագծման բաժիններ, թափուր տեղեր են մնում այնպիսի բաժիններում, որոնց պահանջարկն այսօր աշխատաշուկայում, ըստ Իսաբեկյանի, իսկապես կա.- «Քանդակը, որի համար բարձրագույն կրթություն միայն մենք ենք տալիս: Քանդակագործներն այսօր գործ ունեն, ի՞նչն է, որ վախեցնում է նրանց: Երեւի տեղյակ չեն, որ քանդակագործը կարող է տուն պահել»:

Այսօր Ակադեմիայի գեղանկար բաժնի ուսանողները ցուցահանդես էին նախաձեռնել` ներկայացնելով ուսման ընթացքում կատարած աշխատանքները: Երիտասարդներն արդեն ավարտական կուրսում են, սակայն պատկերացում անգամ չունեն, թե ինչպես են իրենց արվեստով աշխատանք գտնելու, գումար վաստակելու:

«Հայաստանում աշխատանք չեմ գտնի, որպես նկարիչ չեմ կայանա: Ես ուզում եմ դուրս գալ երկրից եւ որեւէ երկրում առաջ գնալ», - ասաց ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանողուհի Վարդուհի Մխիթարյանը:

Ուսանողներից Նարեկ Սարոյանն էլ նշում է, որ Հայաստանում շատ քիչ են այն մարդիկ, ովքեր գնահատում են արվեստ գործերը, նկարչի կատարված աշխատանքը ու պատրաստ են դրա դիմաց բարձր գին վճարել: Նրա խոսքով` հիմնականում երիտասարդների նկարները գնում են Հայաստան եկած սփյուռքահայերն ու զբոսաշրջիկները:

«Սեփական աշխատանքները ցուցադրելու ու ամենակարեւորը վաճառելու վայրերը երկուսն են` Վերնիսաժն ու Սարյանի պուրակը: Իսկ անհատական ցուցահանդեսներ կազմակերպելու համար գումար է անհրաժեշտ, իսկ եթե չես կարողանում վաճառել աշխատանքներդ, որտեղի՞ց գումար ունենաս», - ասաց Նարեկը:

Երիտասարդներից մի քանիսն էլ նշեցին, որ երբեմն պատվերն են ունենում, սակայն դրանք բավարար չեն:

Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը եւս համամիտ է, որ նկարիչների եւ առհասարակ իրենց բուհի ուսանողների համար դժվար է աշխատանք գտնել, վաճառել ստեղծագործությունները, ցուցադրություններ կազմակերպել:

Նշենք, որ բուհում ուսման վարձերը տատանվում են 300-ից 500 հազար դրամի սահմաններում:
XS
SM
MD
LG