Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը կրկին հրաժարվել է ցուցմունք տալ


Վարդան Օսկանյանը կրկին հրաժարվել է ցուցմունք տալ
please wait

No media source currently available

0:00 0:01:10 0:00
Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հերթական անգամ հրաժարվել է Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) ցուցմունքներ տալ:

Այս անգամ ԱԱԾ-ի աշխատակիցներին հետաքրքրել է «Սիվիլիթաս» հիմնադրամի նոյեմբերի 2-ին տարածած հայտարարության մեջ տեղ գտած պնդումը, թե Օսկանյանի եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ հետապնդումը սկսվել է դեռեւս 2009 թվականից:

Հիմնադրամն իր այս վարկածն ապացուցող մի քանի օրինակներ էր մատնանշել հայտարարել մեջ: Սակայն ԱԱԾ-ն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, հետաքրքրվել է հատկապես մեկով, ըստ որի 2009 թվականին Վարդան Օսկանյանն ընտրվել էր Հայաստանի առեւտրային բանկերից մեկի խորհրդի անդամ, սակայն բանկի մեծամասնական բաժնետերերին սնանկացման սպառնալիքով ստիպել են Օսկանյանի հանել խորհրդի անդամությունից: Բանկի անունը չտալով` Օսկանյանի փաստաբանը պնդում է, որ այս հարցում եղել է երկրի բարձրագույն ղեկավարության միջամտությունը:

«ԱԱԾ-ն փորձեց հարցաքննել, պարոն Օսկանյանը ցուցմունք չտվեց այդ կապակցությամբ», - ասաց Աթանեսյանը:

Դուրս գալով ԱԱԾ-ից` նախկին արտգործնախարարը, ով մեղադրվում է փողերի լվացման եւ յուրացման մեջ, կրկին պնդեց, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են, ասաց` չի ընդունում դրանք եւ հիմքում քաղաքական պատվեր է տեսնում:

«Չմոռանանք, որ այս բոլորը սկսվեց նրանից, որ իբր չարամտորեն հարկերից ենք խուսափել, դա փլուզվեց, բայց շարունակում են, հիմա գնացել են արդեն յուրացման [տարբերակին], այնպես որ ինձ մոտ բացարձակապես որեւէ կասկած չկա եւ առավել հիմնավորվում է, որ այս բոլորը հետապնդում է քաղաքական խնդիրներ լուծելու նպատակ», - հայտարարեց Օսկանյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` եթե «Բարգավաճ Հայաստան»-ը որոշի պաշտպանել Սերժ Սարգսյանին եւ առաջիկա նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով չմասնակցի, ինչի ջատագովը ինքը` Օսկանյանն է, ի՞նչ քայլեր կձեռնարկի, արդյոք կլքի՞ ԲՀԿ-ն, Օսկանյանը պատասխանեց. - «Սպասենք ԲՀԿ-ի որոշմանը: Ես կուսակցության անդամ եմ, կուսակցությունը կկայացնի իր որոշումը, եւ որոշումը կայացնելուց հետո մենք միասնական ջանքերով կշարունակենք մեր պայքարը, եւ ԲՀԿ-ն անկասկած իր մեծ ներդրումը կունենա այս ամենի մեջ: Շատ ժամանակ չի մնացել, սպասեք, շատ շուտով դրա պատասխանը կլինի»:

Մի քանի օրը առաջ Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ԱԱԾ-ի քննիչին միջնորդել էր կարճել փողերի լվացման եւ յուրացման փաստով Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործն ու դադարեցնել նախկին արտգործնախարարի նկատմամբ քրեական հետապնդումը: Քննիչը մերժել էր միջնորդությունը: Ինչպես փաստաբանը տեղեկացրեց, Օսկանյանին այսօր ասել են, որ դատարանի որոշմամբ առգրավել են նրա հաշվեհամարների մասին ինֆորմացիա պարունակող բանկային փաստաթղթերը, եւ Կենտրոնական բանկը ստուգում է դրանք: Քանի որ Օսկանյանը այդ գործում իբրեւ մեղադրյալ է ներգրավված, իրավապահներին նրա թույլտվությունն անհրաժեշտ չի եղել:

Թե Օսկանյանը, թե նրա փաստաբանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեցին, որ ստուգումներից չեն վախենում: Նրանք ասացին` «Սիվիլիթասի» փողերը չեն պակասել, դրանք ավանդադրման միջոցով նույնիսկ ավելացել են, իսկ Օսկանյանի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո, որպեսզի դրանց վրա իրավապահները կալանք չդնեն, այդ գումարները փոխանցվել են «Սիվիլիթասի» հաշվեհամարին:

«Որոշ գումարներ, որոնք կարելի է ասել, որ Հանթսմանի տրամադրածն են, որոշակիորեն դրանք օգտագործվել են, սակայն հետո հատուցվել են: Ընդհանուր կաթսա է եղել, բայց երբեք ընդհանուր հաշվեկշիռը Հանթսմանների տրամադրած գումարից պակաս չի եղել, միշտ ավելի է եղել: Աա աճպարարություն է», - ասաց Աթանեսյանը:

Փաստաբանի տպավորությամբ` նախաքննություն իրականացնողները գործի դանդաղ տեմպն են ընտրել: Աթանեսյանը, սակայն, կարծում է, որ նախաքննությունը մոտենում է ավարտին:

«Եթե վաղը լինի հանձնարարություն` ավարտել, կավարտեն մեկ օրում, չի լինի հանձնարարություն, կավարտեն մեկ տարում: Մարտի 1-ի դեպքում ինչպե՞ս է, նախաքննությունը հինգ տարի է գնում է, կարող էին ավարտել մեկ ամսում, բայց երեւի տասը տարում էլ չավարտեն», - ասաց Աթանեսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG