Մատչելիության հղումներ

logo-print

ՀԱԿ-ը ձգտում է մյուս ուժերին համախմբել Տեր-Պետրոսյանի առաջադրման անհրաժեշտության շուրջ


ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան, արխիվ

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան, արխիվ

«Եթե դա չլինի, ցանկացած տարբերակ կարելի է քննարկել ե՛ւ ՀԱԿ-ի ներսում, ե՛ւ ՀԱԿ-ից դուրս», - ասում է Արամ Մանուկյանը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ձգտում է մյուս քաղաքական ուժերին համախմբել առաջիկա նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման անհրաժեշտության շուրջ։

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտարարեց, որ Կոնգրեսն իր ողջ թիմով անում է հնարավորը համապատասխան կոնսոլիդացիոն քաղաքական դաշտ ստեղծելու համար։ Իսկ համախմբումն ու իշխանափոխությունը, ըստ նրա, միակ ճանապարհն են այսօր Հայաստանի թիվ մեկ խնդիրը համարվող աղետալի արտագաղթը կանգնեցնելու համար։

«Մենք ունենք հզոր թեկնածու, կոնսոլիդացնող թեկնածու, որը նշածս մարտահրավերների դեմը կարող է առնել: Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավորությունները գնահատում եմ բավականին բարձր, եւ հիմա մեր ամբողջ թիմով ուզում ենք ստեղծել հնարավորինս այն դաշտը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրվի, ինչպես նաեւ քաղաքական մնացած ուժերի հետ Աստծո հաջողությամբ գալ այն հայտարարի, այն եզրակացության, որ ինքն առաջադրվի», - ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղարը` շարունակելով. - «Մեր ողջ էներգիան ուղղված է դրան, որ լինի նպաստավոր վիճակ եւ կոնսոլիդացիոն հնարավոր միջավայր դրա համար»:

«Եթե դա չլինի, ցանկացած տարբերակ կարելի է քննարկել ե՛ւ ՀԱԿ-ի ներսում, ե՛ւ ՀԱԿ-ից դուրս, ե՛ւ քաղաքական դաշտում, ե՛ւ չեզոք դաշտում. Բայց դա կլինի միայն այն դեպքում, երբ մեր թեկնածուն չի հայտարարի առաջադրվելու մասին», - ընդգծեց Մանուկյանը:

Իսկ ոչ իշխանական քաղաքական ուժերի կոնսոլիդացման հնարավորությունը Կոնգրեսի խմբակցության քարտուղարը պայմանավորում է ոչ միայն ներսի, այլ նաեւ արտաքին գործոններով։ «Դա կախված է նաեւ դրսի ազդակներից, դրսի քաղաքական ուժերից, դրսի խաղացողներից, դրսի ուժային կենտրոններից։ Հայաստանը, ցավոք սրտի, այսօր այն վիճակում է, որ գնալով ներսի ազդեցությունները քչանում են, դրսի ազդեցությունները` շատանում: Դա պետք է հաշվի առնենք, նաեւ աշխատենք այդ դաշտում», - ասաց նա:

Արամ Մանուկյանը չպատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հարցին` եթե Տեր- Պետրոսյանի առաջադրման համար պայմաններ չստեղծվեն, հնարավո՞ր է, որ Կոնգրեսը սատարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) թեկնածուին` անկախ նրա անձից։ «Երբեք «եթե»-ներով պատասխաններ չեմ տալու։ Մենք ունենք թեկնածու, եւ ամեն ինչ անում ենք, որ ինքն առաջադրվի: Հետո կտեսնենք», - հայտարարեց նա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` Մանուկյանը հաստատեց, որ Կոնգրեսի քաղխորհուրդն ունի ոչ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության որոշում: Որոշումը կայացվել է ամիսներ առաջ, ըստ Արամ Մանուկյանի` կոնսենսուսով. քննարկմանը մասնակցող ՀԱԿ-ի անդամ կուսակցությունները կողմ են արտահայտվել։

«Բոլոր քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի կարիքը կա. ՀԱԿ - «Բարգավաճ Հայաստան»` համաձայն ենք, ՀԱԿ - Դաշնակցություն` համաձայն ենք, ՀԱԿ - «Ժառանգություն»` համաձայն ենք, ՀԱԿ - Հանրապետականի թեւեր, որոնք որ կգտնեն, որ արտագաղթի խնդիրը սպառնում է Հայաստանին` համաձայն ենք, իհարկե համաձայն ենք. միայն այդպես կարող ենք խնդիր լուծել` միայն կոնսոլիդացիոն միջոցներով, ծրագրերով», - ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղարը, ընդգծելով. - «Ես տեսնում եմ, որ «Բարգավաճ»-ում էլ գնում են քաղաքական հզոր գործընթացներ. իրենք կայանալու, իրենց ներկայացնելու, իրենց ասելիքն ասելու խնդիրներ են դրել եւ կոշտ առաջ են շարժվում: Դա ինձ ուրախացնում է»:

Իսկ աղետալի արտագաղթի դեմն առնելու միակ ճանապարհը կոնսոլիդացիան համարող Կոնգրեսը արդյոք չի՞ կարծում, որ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատուներից «Բարգավաճ Հայաստան»-ի հետ իրենց համագործակցությունը, հակառակը, կարող է ավելի խորացնել հասարակության հիասթափությունը եւ նպաստել արտագաղթին, «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Մանուկյանը արձագանքեց. - «Ես ընդունում եմ իրենց դիրքորոշումը հակաիշխանական կոալիցիա ձեւավորելու համար: Եթե «Բարգավաճ»-ն այսօր ունի որոշակի ձայներ եւ ինքը հայտարարում է հակաիշխանական կամ ընդդիմադիր կոալիցիա, ես դա ողջունում եմ: Ավելի եմ սրում` եթե որեւէ քաղաքական ուժ Հանրապետական կուսակցությունից դուրս կգա իշխանափոխության պլատֆորմ եւ Սերժ Սարգսյանի հեռացման խնդիր կդնի, ես դա կհամարեմ նորմալ երեւույթ»։

«Իսկ ո՞վ է պատասխանատու «Մարտի 1»-ի համար» հարցին ՀԱԿ խմբակցության քարտուղարը այսպես պատասխանեց. - «Ռոբերտ Քոչարյանը... եւ նրան աջակցող ուժերը: Ռոբերտ Քոչարյանի հրահանգով է եղել, իրականացնողները բոլորիս հայտնի են : Ռոբերտ Քոչարյանի խելահեղության արդյունքն էր դա: Էնտեղ քաղաքական ուժ աշխատում է՞ր, կներեք... ի՞նչ քաղաքական ուժ, լավ էլի»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG