Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն մտադիր է մեծացնել իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայ, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայ, արխիվ

«Ձգտում ենք ավելի լայն հնարավորություններ առաջարկել համագործակցության համար», - ասում է Ջեյմս Ափաթուրայը։

Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր է առաջիկայում մեծացնել իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում, եւ այդ առումով, թե´ ՆԱՏՕ-ում, թե´ պաշտոնական Երեւանի մոտ պատրաստակամություն կա խորացնել երկկողմ հարաբերությունները: Երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման հայտարարություն արեց Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ջեյմս Ափաթուրայը:

«[Այժմ] մենք քննարկում ենք, թե ինչպես կարող է ՆԱՏՕ-ն մեծացնել իր ներգրավվածությունը [Հարավային Կովկասում]: Սակայն չենք ցանկանում, այսպես ասած, պարտադրել մեր [ներկայությունը], մենք ուղղակի ձգտում ենք ավելի լայն հնարավորություններ առաջարկել համագործակցության համար: [Ի դեպ], Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը ցանկանում են օգտվել այդ հնարավորություններից եւ առաջիկա ամիսներին ավելի շատ բան կունենան իրենց առաջարկվող մենյուում», - ասաց Ափաթուրայը, որը Երեւանում միջազգային համաժողովի է մասնակցում։

«Այսօր [ՆԱՏՕ - Հայաստան] համագործակցությունը կարող եմ լավ գնահատել», - շարունակեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:

«Թույլ տվեք սկսել Աֆղանստանում իրականացվող առաքելությունից, ուր Հայաստանը եռապատկեց իր մասնակցության [ծավալները]: Կարող եմ նշել Կոսովոյում իրականացվող առաքելության մասին, ուր Հայաստանը վերադարձավ… Այս առումով շատ լավ է ամեն ինչ ընթանում», - ասաց Ափաթուրայը` հավելելով. - «Միեւնույն ժամանակ, նշեմ, որ ՆԱՏՕ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումներին, ինչը շատ կարեւոր է մեզ համար, եւ [մեր նպատակն է] օգնել Հայաստանին [իր զինված ուժերը] հնարավորինս համապատասխանեցնել ՆԱՏՕ-ական չափանիշներին»:

«Կարո՞ղ ենք ավելի անել երկկողմ հարաբերություններում` այո´: Մենք կողջունենք 2014 թվականից հետո Հայաստանի մասնակցությունը աֆղանական առաքելությանը: Մենք կցանկանայինք նաեւ ավելին անել Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումների համար: Ուստի, շատ բան կա անելու, եւ այդ ամենը լավ հիմքի վրա է արվելու», - հայտարարեց Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան։

«Կարծում եմ, որ այստեղ` Երեւանում պատրաստակամություն կա խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ», - ընդգծեց Ջեյմս Ափաթուրայը` շարունակելով. - «Կարող եմ նաեւ վստահեցնել, որ այդ պատրաստակամությունը կա նաեւ ՆԱՏՕ-ում` խորացնել հարաբերությունները Հայաստանի ու ողջ Հարավային Կովկասի հետ. օպերացիոն փոխգործակցության հարցերում ավելի շատ համագործակցություն, ավելի շատ աջակցություն պաշտպանական բարեփոխումներին: Մենք ունենք անհրաժեշտ կարողությունները` ավելի շատ օժանդակություն ցուցաբերել: Եվ իմ այցը Երեւան ու հանդիպումները Հայաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ նպատակ ունեն պարզել, թե առաջիկայում ինչ կարող ենք միասին անել»:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադառնալով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի դեպքին` Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը նշեց. - «Երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը այստեղ` Երեւանում էր ու հետո մեկնեց Բաքու, Սաֆարովի դեպքի հետ կապված շատ հստակ հայտարարեց, թե մերժելի է տեղի ունեցածի, այդ ամենն իրականացրած անձի ցանկացած հերոսացում: Այն, ինչ արեց Սաֆարովը, հանցանք էր եւ չպետք է հերոսացվի: Ալյանսի գլխավոր քարտուղարը ասել է եւ շարունակում է ասել, թե չպետք է արվի ոչինչ, ինչը վտանգի տակ կդնի երկու երկրների միջեւ ընթացող բանակցային պրոցեսը»:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության առնչությամբ ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը, Ջեյմս Ափաթուրայը ընդգծեց, որ դաշինքը իր դերը շարունակում է տեսնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեության աջակցման մեջ:

«ՆԱՏՕ-ն կարող է միայն աջակցել [Մինսկի խմբի կողմից տարվող] գործընթացը, եւ սա այն է, ինչ մենք անում ենք: Մենք ցանկանում ենք տեսնել հակամարտության խաղաղ կարգավորում: Պետք է ասեմ նաեւ, որ Սաֆարովի եւ այլ դեպքերը մտահոգություն առաջացրեցին ՆԱՏՕ-ի անդամ երկրների շրջանում` կապված [Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ] լարվածության աճի հետ: Լավ լուր է այն, որ երկու երկրների արտգործնախարարները վերջերս հանդիպեցին Փարիզում, եւ հույս կա, որ ամեն ինչ կընկնի հունի մեջ: Ասեմ նաեւ, որ մեզ անհրաժեշտ է շատ ավելին, քան սոսկ բանակցություններն են` մենք խաղաղ կարգավորմանը տանող առաջընթացի կարիքն ունենք», - հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը։
XS
SM
MD
LG