Մատչելիության հղումներ

Զինվորի մահվան նոր դեպք Հայաստանի բանակում


Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետի գետնատնակի մոտ այսօր ժամը 00:30-ի սահմաններում հայտնաբերվել է հերթափոխում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Սահակյանի դին՝ բերանի հատվածում մահացու հրազենային վիրավորումով: Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Փաստի առթիվ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով` «ինքնասպանության հասցնելը», հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն, որը վարում է քննչական ծառայության Գորիսի կայազորը:

«Պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Սարգիս Սեյրանի Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում։

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել Մեղրիի տարածաշրջանում` Ծիրանիձորում:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Սարգիս Սահակյանը բանակ էր զորակոչվել 2011 թվականի աշնանը` Նաիրիի տարածքային զինկոմիսարիատից:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG