Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվայում Վրաստանի նոր կառավարությունից «կոնկրետ քայլեր» են ակնկալում


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով նրա հատոկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, Թբիլիսի, 1-ը նոյեմբերի, 2012թ.

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով նրա հատոկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, Թբիլիսի, 1-ը նոյեմբերի, 2012թ.

Պաշտոնական Մոսկվան չի շտապում արձագանքել Բիձինա Իվանիշվիլիի կառավարության` Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված դիվանագիտական ժեստերին:

Թբիլիսիի կողմից ձեռնարկված նման վերջին քայլը Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոնի ստեղծումն էր: Բիձինա Իվանիշվիլիի հրամանագրով այդ նորաստեղծ պաշտոնը ստանձնեց Մոսկվայում Վրաստանի նախկին դեսպան Զուրաբ Աբաշիձեն:

Մոսկվայում, սակայն, այս առթիվ առանձնակի ոգեւորություն կարծես չի նկատվում: Համենայնդեպս, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի` շաբաթ օրը հնչեցրած հայտարարությունը ավելի քան զուսպ էր:

«Կարծում եմ, որ Զուրաբ Աբաշիձեի գործունեության առթիվ որեւէ կանխատեսմամբ հանդես գալն այնքան էլ տեղին չէ: Ասեմ միայն, որ մենք նրան լավ ենք ճանաչում Մոսկվայում դեսպան աշխատելու տարիներից, ինչպես նաեւ նրա հետագա այցերից: Ինքը Աբաշիձեն եւս բավական լավ է ծանոթ Ռուսաստանին», - նշել է Լուկաշեւիչը` ակնարկելով, սակայն, որ պարզ նշանակումներով ու նոր պաշտոններ ստեղծելով երկկողմ հարաբերությունները չեն բարելավվի: «Մենք վրացական նոր կառավարությունից նախեւառաջ կոնկրետ, գործնական քայլեր ենք ակնկալում», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը:

Ի դեպ, Թբիլիսիում գործնական քայլերի մասին արդեն իսկ մտածում են: Այս առումով ուշագրավ էին վերաինտեգրման հարցերով նորանշանակ նախարար Պաատա Զաքարեիշվիլիի վերջին հայտարարությունները, որոնց համաձայն` Իվանիշվիլիի կառավարությունը պատրաստ է առանց նախապայմանների վերաբացել աբխազական երկաթուղին:

Վրաց նախարարի այս հայտարարությունը, սակայն, Թբիլիսիում այնքան էլ միանշանակ չընկալվեց:

Նախագահ Սաակաշվիլիի աջակիցներից պատգամավոր Շոթա Մալխաշիան, օրինակ, հայտարարեց, թե նման հայտարարություններով Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ը մեկ անգամ եւս ապացուցեց, որ մոսկովյան նախագիծ է: «Այն ամենը, ինչ ձեռնարկում է նոր կառավարությունը, այդ թվում` երկաթուղու հարցում, բխում է բացառապես ռուսական շահերից», - նշել է վրաց ընդդիմադիրը:

Վրաստանի նախկին փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության տված հարցազրույցում կոչ է արել լայն քննարկում ծավալել երկաթուղու հնարավոր վերագործարկման շուրջ։

«Աբխազական երկաթուղու վերաբացումը կփոխի մեր տարածաշրջանում առկա ողջ աշխարհքաղաքական հավասարակշռությունը:Դա զուտ Սուխումին Թբիլիսիին կապող երկաթուղի չէ, դա մի ուղի է, որ Ռուսաստանը կապում է Հայաստանի եւ Իրանի հետ: Սա է պատճառը, որ հարկավոր է շատ լուրջ քննարկում անցկացնել վրացական հանրության շրջանում այս խնդրի շուրջ», - նշել է վրաց դիվանագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG